ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մայիսի 12-19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ

24.05.2023


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով)  շարունակում է կարևորել տարբեր թիրախային խմբերի համար կազմակերպվող կրթական և իրազեկման միջոցառումների կազմակերպումը:

Այսպես,

1. Հանձնաժողովը սկսել է լրատվամիջոցների հետ աշխատանքի՝ մեթոդական առումով տարբերվող նոր ձևաչափ, որը ավանդական սեմինարի կամ աշխատանքային քննարկման փոխարեն նպատակ է հետապնդում կարճ ժամանակահատվածում ավելի մեծ քանակությամբ թեմատիկ ուղղություններ առանձնացնել և խոսել նաև լրատվամիջոցների շրջանում հետաքրքրություն առաջացրած և Հանձնաժողովում քննության ենթարկված դեպքերի վերաբերյալ: Նշված ձևաչափով առաջին հանդիպումը տեղի ունեցավ Մայիսի 12-ին՝ «Կոռուպցիայի Կանխարգելման կարևորությունը և ԿԿՀ-ի դերը» խորագրով:  Աշխատաժողովի ընթացքում ԿԿՀ-ի աշխատակիցների կողմից լրագրողների ուշադրությանն են ներկայացվել հետևյալ թեմաները՝

Ø  Բարեվարքության ուսումնասիրությունը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ

Ø  Անհամատեղելիության պահանջները՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ

Ø  Շահերի բախումը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ

Ø  Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ

Տեսական նյութի մատուցումից հետո տեղի է ունեցել World Café ձևաչափով քննարկում:

2. Հանձնաժողովի նախաձեռնությամբ դպրոցականների համար մեկնարկել է «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» հակակոռուպցիոն կրթական ծրագիրը, որի շրջանակներում մայիսի 15-ից 19-ը, տեղի են ունեցել իրազեկման բնույթի հանդիպումներ հետևյալ դպրոցներում՝

·         Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց

·         Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոց

·         Երևանի Լ.Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց

«Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» հակակոռուպցիոն կրթական ծրագիրը բաղկացած է 2 փուլից. 1-ին փուլում աշակերտներին դպրոցներում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցների կողմից մատուցվում են տեսական գիտելիքներ, կազմակերպվում են քննարկումներ, 2-րդ փուլում արդեն տեսական գիտելիքներին տիրապետող աշակերտները հյուրընկալվում են Հանձնաժողովում, որտեղ տեղի է ունենում 1-ին փուլից տարբերվող՝ իրավիճակային քննարկումների, խաղերի ձևով անցկացվող գործնական պարապմունք՝ ապահովելով տեսական գիտելիքների գործնական կիրառությունը:

Իրազեկման հանդիպումների 1-ին փուլի ընթացքում աշակերտներին ներկայացվել է «կոռուպցիա» հասկացությունը, դրա դեմ պայքարի միջոցները, հակակոռուպցիոն բարեփոխումները, կոռուպցիայի դրսևորումները, պատճառները, տեսակները,  կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգը, կոռուպցիայի ընկալաման համաթիվը և այլն:

Հանդիպումների ընթացքում ծավալված քննարկումները վերաբերել են հետևյալ թեմաներին՝

·         Կոռուպցիայի դեմ պայքարի ընկալում

·         Կոռուպցիոն երևույթների պատժիչ գործիքներ

·         Իրավիճակային դեպքերի քննարկում

Իրազեկման հանդիպումներին ներգրավվել են 3 ուսումնական հաստատություններից՝ մոտ 90 աշակերտ: Հանդիպումների ընթացքում, որպես բանախոսներ, հանդես են եկել Հանձնաժողովի հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները:


           3
. Մայիսի 16-ին պետական մարմինների հետ համագործակցության շրջանակներում, դատական համակարգի ներկայացուցիչների հետ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կազմակերպվեց «Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկում:

Աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվեցին հայտարարագրերի լրացման և ներկայացման կարգն ու ժամկետները, հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգը, հնչեցին հարցադրումներ, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Հավաքագրվեցին հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հետ կապված խնդիրները, մասնավորապես՝ այն անձանց վերաբերյալ, ովքեր ծանուցում չէին ստացել կամ ստացած տվյալներով չէին կարողանում մուտք գործել համակարգ: Ներկայացվեցին ծանուցման հետ կապված բոլոր վավերապայմանները՝ սխալ կամ ոչ վավեր էլեկտրոնային փոստի հասցե, էլեկտրոնային փոստի բոլոր բաժինների ստուգում, էլեկտրոնային փոստի ծանրաբեռնվածություն, «Պրոֆիլ» բաժնում պարտադիր լրացման ենթակա, սակայն թերի լրացված տվյալներ են:

4. Մայիսի 17-ին Հանձնաժողովի աշխատակիցները, կարողությունների զարգացման նպատակով, մասնակցեցին բրենդբուքի կիրառման վերապատրաստմանը: Դասընթացի հիմնական նպատակն էր ներկայացնել վերջինիս կիրառելիության ապահովման, պրոդուկտի դիրքավորման ռազմավարության, կազմակերպության գախափարախոսության և շփման հայեցակարգի հմտությունների տրամադրումը:

 

5. Մայիսի 18-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հյուրընկալել էր «ՀՈԴՎԱԾ 3 մարդու իրավունքի դպրոցի» սաներին։ Դպրոցի սաների համար «Մարդու իրավունքները և կոռուպցիան» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։

 

6. Մայիսի 19-ին Հանձնաժողովը հյուրընկալել է ՀՀ ԵՊՀ «Իրավաբանություն» մասնագիտության մագիստրատուրա առաջին /առկա ուսուցման/ ուսանողներին: Հանձնաժողովի աշխատակիցների կողմից ուսանողների ուշադրությանն են ներկայացվել Հանձնաժողովի գործունեության շրջանակի՝ կառուցվածքի, գործառույթների և ստորաբաժանումների լիազորությունների մասին՝ անդրադարձ կատարելով հետևյալ թեմաներին՝

Ø  Բարեվարքության ուսումնասիրությունը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ.

Ø  Անհամատեղելիության պահանջները՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ.

Ø  Կոռուպցիոն ռիսկերի գնահատումը և կառավարումը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման բաղադրիչ.

Ø  Շահերի բախումը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ.

Ø  Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ.

Ø  Հակակոռուպցիոն կրթությունն ու հանրային իրազեկվածությունը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման հանասյուն: