Հանձնաժողովի գործունեությունը
Գործառույթներ
Հանձնաժողովի գործառույթներն են`
- բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց, բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների, էթիկայի կանոնների, իրավիճակային շահերի բախման կարգավորումների պահպանմանը հետևելը.
- հայտարարագրման գործընթացը կանոնակարգելը, հայտարարագրերն ստուգելն ու վերլուծելը.
- օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների կիրառման միասնականությունն ապահովելը.
- կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող քաղաքականության մշակմանը մասնակցելը.
- իր մշակած հակակոռուպցիոն ծրագրերի և միջոցառումների կատարման նկատմամբ մոնիտորինգ իրականացնելը և դրանց վերաբերյալ իրավասու մարմիններ առաջարկություններ ներկայացնելը.
- «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման.
- «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում ու կարգով դատավորների և դատավորների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման:
Լիազորությունները
1. Հանձնաժողովը`
- քննում և լուծում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների) էթիկայի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ.
- իրավասու մարմնին կամ պաշտոնատար անձին ներկայացնում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ (այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ).
- վարում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հայտարարագրերի ռեեստրը.
- սահմանում է հայտարարագրի ձևանմուշը, հայտարարագրի լրացմանը ներկայացվող պահանջները, հայտարարագրերի ռեեստրի տվյալների ցանկը, հայտարարագրերի ռեեստրի վարման, հայտարարագրի ներկայացման և հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու, հայտարարագրի արխիվացման կարգերը, ինչպես նաև հայտարարագրերի վերլուծության մեթոդաբանությունը և ռիսկային չափորոշիչները.
- հրապարակում է հայտարարագրերը.
- քննում և լուծում է հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործեր.
- համապատասխան մարմինների էթիկայի հանձնաժողովներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն.
- ներկայացնում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների) էթիկայի կանոնների վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ, ինչպես նաև շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն.
- մեկնաբանում է սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները և այլ սահմանափակումներ.
- վերանայում է համապատասխան մարմինների էթիկայի հանձնաժողովների եզրակացությունները.
- վարում է անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների, շահերի բախման դեպքերի վիճակագրություն և հրապարակում տվյալներ.
- իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների և միջոցառումների ծրագրերի (այդ թվում՝ ոլորտային) նախագծերի փորձագիտական վերլուծություն և դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ իրավասու մարմին.
- մշակում է կոռուպցիայի կանխարգելման ծրագրեր և դրանք ներկայացնում է Կառավարություն.
- իրավասու մարմին կարծիք է ներկայացնում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
- իրավասու մարմին ներկայացնում է իր գործունեության ընթացքում վեր հանված՝ կոռուպցիայի կանխարգելմանն առնչվող հարցերի կարգավորման բացերի և թերությունների շտկմանն ուղղված առաջարկություններ.
- մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր և իրականացնում միջոցառումներ.
- առաջարկություններ է ներկայացնում կրթական, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների վերապատրաստումների ծրագրերում հակակոռուպցիոն դասընթացներ ներառելու և կազմակերպելու վերաբերյալ.
- կրթական ծրագրերի իրականացման համար տրամադրում է ուսումնամեթոդական ուղեցույցներ և այլ նյութեր.
- կազմում է իր մշակած հակակոռուպցիոն ծրագրերի և դրանց իրականացման միջոցառումների ծրագրի (այդ թվում՝ ոլորտային) կատարման վերաբերյալ մոնիտորինգի զեկույցներ, դրանց վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում իրավասու մարմիններ.
- «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության, կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ իրականացնում է ուսումնասիրություններ և դրանց արդյունքներով ներկայացնում խորհրդատվական բնույթի եզրակացություններ.
- «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում ու կարգով դատավորների և դատավորների թեկնածուների բարեվարքության, կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ ներկայացնում է խորհրդատվական բնույթի եզրակացություններ:
1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով նախատեսված ուսումնասիրություններ իրականացնելու և դրանց արդյունքներով եզրակացություններ ներկայացնելու կարգը սահմանում է Հանձնաժողովը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված դեպքերում առաջարկությունն ստացած մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է 30-օրյա ժամկետում քննարկել այն և արդյունքների մասին տեղեկացնել Հանձնաժողովին: