ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» հակակոռուպցիոն կրթական ծրագիր. ժամանակի մարտահրավերները

16.05.2023


Մայիսի 16-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության  աշխատակիցները «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» հակակոռուպցիոն կրթական ծրագրի շրջանակներում բաց դաս են անցկացրել Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում:
Ծրագրի շրջանակներում աշակերտներին ներկայացվել է կոռուպցիայի կանխարգելման գործընթացի բաց քննարկում, ինչպես նաև կարևորվել կոռուպցիայի կանխարգելման գործընթացում երիտասարդների դերն ու նշանակությունը:
Հանդիպման ընթացքում աշակերտները կիսվել են «կոռուպցիա» երևույթի վերաբերյալ իրենց պատկերացումներով, ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի՝ իրենց ընկալումները, և թե ինչու է հատկապես կոռուպցիոն երևույթների պատժիչ գործիքների կողքին կարևորվում կանխարգելման գործառույթը:

 Աշակերտներին հնարավորություն է տրվել քննարկել իրավիճակային դեպքեր, առաջադրել լուծումներ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել այցելություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որտեղ աշակերտները, որպես փոփոխության առաջնորդներ, կխորացնեն դասընթացի արդյունքում ձեռք բերած գիտելիքները:

Կարևորելով աշակերտների մասնակցությունն ու առաջնորդումը կոռուպցիայի կանխարգելման գործընթացում՝ համանման իրազեկող հանդիպումները տարբեր դպրոցների աշակերտների հետ կրելու են շարունակական բնույթ: