ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԿՀ-Ի ԴԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

15.05.2023


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սկսել է լրատվամիջոցների հետ աշխատանքի՝ մեթոդական առումով տարբերվող նոր ձևաչափ, որը ավանդական սեմինարի կամ աշխատանքային քննարկման փոխարեն նպատակ է հետապնդում կարճ ժամանակահատվածում ավելի մեծ քանակությամբ թեմատիկ ուղղություններ առանձնացնել և խոսել նաև լրատվամիջոցների շրջանում հետաքրքրություն առաջացրած և Հանձնաժողովում քննության ենթարկված դեպքերի վերաբերյալ: Նշված ձևաչափով «Կոռուպցիայի Կանխարգելման կարևորությունը և ԿԿՀ-ի դերը» խորագրով առաջին հանդիպումը տեղի ունեցավ մայիսի 12-ին, որին մասնակցում էին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

 Բացման խոսքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ողջունեց բոլոր ներկաներին և շնորհակալություն հայտնեց զանգվածային լրատվության միջոցների գործընկերներին՝ նշելով, որ Հանձնաժողովը մեկնարկում է լրատվամիջոցների հետ աշխատանքի նոր փուլ, որտեղ, կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարը, հաշվետվողականությունը և պետական կառավարման համակարգում բարեվարքությունը, նոր կշիռ և նոր դեր է տրվում զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքին՝ նոր ձևաչափով, նոր գիտելիքներով և նոր մոտեցումներով Հանձնաժողովի հետ աշխատելու համար:

Իր խոսքում Հայկուհի Հարությունյանն անդրադարձել է 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի ընկալման վերաբերյալ իրականացված հարցման արդյունքներին՝ համաձայն որի զանգվածային լրատվամիջոցները ամենակոռումպացվածների ցանկում 2-րդ տեղում էին՝ հանրային ընկալման տեսանկյունից: Ուստի այն աշխատանքը, որ կատարում են զանգվածային լրատվամիջոցները և այն որակական պահանջները, որ ակնկալում է հանրությունն այդ աշխատանքից ամրապնդման կարիք ունի, ուստի Հանձնաժողովը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ մարմին, իր առաքելության շրջանակներում այս համագործակցության կարևորության և աշխատաժողովի՝ որպես այս աշխատանքի մեկնարկ, տեսնում է այդ ուղենիշները, քանի որ Հայստանի Հանրապետությունում ներդրված փոփոխությունները (նոր ամբողջությամբ ներդրված շահերի բախման, անահամատեղելիության պահանջների խախտման, բարեվարքության ուսումնասիրության, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների առնչությամբ) կարողությունների զարգացման կարիք ունեն ոչ միայն պետական համակարգում, այլ նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների շրջանում:

Հայկուհի Հարությունյանը ընդգծել է հանրային ակնկալիքների տեսանկյունից Հանձնաժողովի աշխատանքն առավել արդյունավետ և թիրախային լինելու համար զանգվածային լրատվամիջոցների կարևորությունը:

 

ԱՄՆ ՄԶԳ, «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ղեկավար Բարբարա Ջեյմսը իր խոսքում նշեց. «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակներում մենք աջակցում ենք կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ ներդրվող ջանքերին՝ նվազեցնելու կոռուպցիոն հնարավորությունները և Հայաստանում ամրապնդելու հաշվետվողականության և լավ կառավարման հասարակական պահանջ: Այս աշխատաժողովի նպատակն է բարձրացնել լրագրողների իրազեկվածությունը բերեվարքության և կոռուպցիայի կանխարգելման համակարգերի վերաբերյալ, զինել մեր մեդիա գործընկերներին անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով, որոնք կօգնեն նրանց պատասխանտու, ճշգրիտ, հստակ  տեղեկատվություն փոխանցել բարեվարքության և հակակոռուպցիոն խնդիրների վերաբերյալ»։

 

ԵՄ Թվինինգ ծրագրի փորձագետ Պատրիսիա Սուվաժը իր խոսքում նշեց, որ. «Օրենքը բավարար չէ բարեվարքության համակարգը չի կարող լինել առանց քաղհասարակության, առանց լրագրողների։ Նրանց ձայնը ամենակարևորն է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ աշխատանքներ իրականացնելու համար»: Նա միջազգային ստանդարտների տեսանկյունից ներկայացրեց կոռուպցիայի կանխարգելմանը և շահերի բախմանը վերաբերող հարցերը, ինչպես նաև հույս հայտնեց, որ Հայաստանը հետևում է միջազգային բոլոր ստանդարտներին։

 

ԵՄ Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Դիանա Ստեպինան իր խոսքում նշեց. «Հուսով եմ, որ սա ևս մեկ լավ հնարավորություն կլինի ԿԿՀ-ի և Հայաստանի ԶԼՄ-ների միջև արդյունավետ համագործակցության համար՝ հետագայում այնպիսի բարդ խնդիրը, ինչպիսին կոռուպցիայի կանխարգելումն է, հանրությանը հեշտ ձևով ներկայացնելու նպատակով։

Ես հպարտ եմ, որ Անդամ Պետությունների փորձագետների և հատկապես ԿԿՀ-ի ներկայացուցիչների քրտնաջան աշխատանք և ջանքերի շնորհիվ տեղի ունեցով այս աշխատաժողովը, որի նպատակն է ներկայացնելու ԿԿՀ-ի կարևոր դերը Հայաստանում հակակոռուպցիոն ոլորտում:

   
ԿԿՀ-ի աշխատակիցների կողմից լրագրողների ուշադրությանն են ներկայացվել հետևյալ թեմաները.


Բարեվարքության ուսումնասիրությունը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ
Անհամատեղելիության պահանջները՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ
Շահերի բախումը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ

Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ


Այնուհետև  World Caf
é ձևաչափով կազմակերպվել է իրավիճակային հարցերի քննարկում:

 
Աշխատաժողովը կազմակերպվել էր
ԵՄ Թվինինգ  ծրագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի օժանդակությամբ: