- 2024 թվականի փետրվարի 13-ից 23-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) ԱՄՆ ՄԶԳ «Բարեվարքություն Հայաստան» ծրագրի աջակցությամբ Հանձնաժողովի աշխատակիցների համար կազմակերպվել է հետազոտական-վերլուծական կարողությունների զարգացման 7-օրյա դասընթաց, որն անցկացվում էր Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) մասնագետների կողմից:
Դասընթացների վարման տարաբնույթ ձևաչափերի (դասախոսություններ, խմբային քննարկումներ, կիրառական վարժանքներ և հարցուպատասխաններ) միջոցով մասնակիցներին ներկայացվել է հետազոտական հարցերի, վարկածների ճշգրիտ ձևակերպման, քանակական և որակական մեթոդների միջոցով հավաքագրված տվյալների առանձնահատկությունների և տարբերությունների, ինչպես նաև հետազոտական գործընթացի մի շարք կարևոր փուլերի մասին թեմաներ:
- Հանձնաժողովը, ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի գործընկերների աջակցությամբ, անցկացրել է «Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ» խորագրով քառօրյա վերապատրաստման դասընթաց պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում նշանակված հայտարարագրման գործընթացի խորհրդատուների, ինչպես նաև վերոնշյալ մարմինների բարեվարքության հարցերով կազմակերպիչների և դասընթացով հետաքրքրված հայտարարատուների համար:
Քառօրյա վերապատրաստումների ընթացքում Հանձնաժողովի Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կ. Հակոբյանը առկա եղանակով և առցանց միացած շուրջ 250 մասնակիցներին ներկայացրել է հայտարարագրման համակարգի նպատակը, հայտարարատուների շրջանակը, հայտարարագրերի տեսակներն ու դրանց ներկայացման ժամկետները, հայտարարագրման ենթակա տվյալները, հայտարարագրերի ստուգման և վերլուծության գործընթացները, հայտարարագրերի համար կիրառվող պատասխանատվության միջոցները, ինչպես նաև հայտարարագրման էլեկտրոնային համակարգը, դրա կառուցվածքը, ֆունկցիոնալությունը, հայտարարագրերի հրապարակային ռեեստրի հնարավորությունները:
- 2024 թվականի փետրվարի 26-ին, պետական մարմինների հետ համագործակցության շրջանակներում, Հանձնաժողովի կողմից Ազգային ժողովի հայտարարատու պաշտոնատար անձանց հետ կազմակերպվել է «Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ» թեմայով աշխատանքային քննարկում:
Աշխատանքային քննարկման ժամանակ Հանձնաժողովի Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կ. Հակոբյանը մասնակիցներին ներկայացրել է հայտարարագրման համակարգի նպատակը, հայտարարատուների շրջանակը, հայտարարագրերի տեսակներն ու դրանց ներկայացման ժամկետները, հայտարարագրման ենթակա տվյալները, հայտարարագրերի ստուգման և վերլուծության գործընթացները, հայտարարագրերի համար կիրառվող պատասխանատվության միջոցները, ինչպես նաև հայտարարագրման էլեկտրոնային համակարգը, դրա կառուցվածքը, ֆունկցիոնալությունը, հայտարարագրերի հրապարակային ռեեստրի հնարավորությունները:
- Փետրվարի 28-ին Հանձնաժողովում հյուրընկալվել էին Տավուշի մարզի ք. Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտները, ովքեր ընգրկված են «Քաղաքացիական մասնակցության ակումբ» խմբակում (այսուհետ՝ Խմբակ):
Հանդիպման ընթացքում մասնակիցները գործնականում կիրառել են ձեռք բերած գիտելիքները՝ կատարելով մի շարք վարժություններ, որոնց նպատակն էր կոռուպցիայի վերաբերյալ տեղեկություն տրամադրելով սովորողների մեջ զարգացնել ակտիվ քաղաքացիական պատասխանատվություն, ինչպես նաև տալ անհրաժեշտ գիտելիքներ տարբերակելու արժեքները և էթիկական սկզբունքները, դասընթացի արդյունքում Խմբակի մասնակիցները ավելի լավ պատկերացում կունենան իրենց իրավունքների և պարտականությունների մասին, կկարողանան ստանալ իրենց հետաքրքրող տեղեկությունը, կատարել համադրումներ և վերլուծություններ:
- Փետրվարի 28-ին Հանձնաժողովում հյուրընկալվել է Համաշխարհային բանկի պատվիրակությունը՝ Բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով Կառավարման հատվածի ղեկավար Ադրիան Ֆոզարդի գլխավորությամբ:
Հանդիպման սկզբում Հանձնաժողովի անդամները շնորհակալություն են հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Համաշխարհային բանկի մասնագիտական աջակցությունը կոռուպցիայի կանխարգելման գործընթացում: Հանձնաժողովի անդամները ներկայացրել են կառույցի գործառույթների և լիազորությունների շրջանակը, առաջնահերթությունները, ձեռքբերումները և մարտահրավերները՝ ընդգծելով կոռուպցիայի կանխարգելման համակարգում բարեվարքության, թափանցիկության, մասնակցայնության արդյունավետ և իրագործելի կառուցակարգերի շարունակական կատարելագործման հրամայականը:
- Հանձնաժողովը, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման III ծրագրի շրջանակներում «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի գործընկերների հետ համագործակցությամբ սույն թվականի փետրվարի 20-ին, 21-ին և 28-ին իրականացրեց պետական երեք գերատեսչությունների ներկայացուցիչների վերապատրաստում՝ «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների ուղեցույցի կիրառման» թեմայով:
Վերապատրաստումների ընթացքում որպես բանախոսներ հանդես եկան Եվրոպայի խորհրդի փորձագետ Արա Ղազարյանը, Հանձնաժողովի ներկայացուցիչները, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների բարեվարքության հարցերով կազմակերպիչներ, ովքեր Հանձնաժողովի կողմից նախկինում իրականացված վերապատրաստումների արդյունքում ընտրվել էին որպես վերապատրաստողներ: Եռօրյա վերապատրաստումներին մասնակցեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության շուրջ 60 աշխատակիցներ:
- Հանձնաժողովի աշխատակիցները Փետրվարի 26-ից մարտի 01-ը մասնակցել են «Կիբերհիգենա» թեմայով երկօրյա (2 խմբով հաջորդաբար) վերապատրաստման դասընթացին, որը կազմակերպվել էր Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում՝ ուղղված աշխատակիցների կիբերանվտանգության մասին իրազեկվածության բարձրացմանը:
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել կիբերանվտանգության հիմնական հայեցակարգերը, կիբերգրոհի առանձնահատկությունները, բնութագրիչները, կազմակերպությունների հնարավոր կիբերսպառնալիքները, ինչպես նաև ծանոթացնել կիբերանվտանգության ոլորտում լավագույն փորձին՝ պաշտպանական միջոցառումների մասին պատկերացում կազմելու համար, որոնք ձեռնարկվում են կազմակերպությունների կողմից:
- Մարտի 7-ին Հանձնաժողովի անդամների և ստորաբաժանման ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրից բխող մի շարք հարցեր` ուղղված Հանձնաժողովի ինստիտուցիոնալ հզորացմանը, այդ թվում՝ օրենսդրության և իրավական միջավայրի բարելավմանը, հաշվետվողականության ու թափանցիկության զարգացմանը, իրականացված աշխատանքների վերաբերյալ հաղորդակցության բարելավմանը, կարողությունների հզորացմանն և հանրային վստահության բարձրացմանը: