ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հետազոտական-վերլուծական կարողությունների զարգացման 7-օրյա դպրոց ԿԿՀ-ում

26.02.2024


2024 թվականի փետրվարի 13-ից 23-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ԱՄՆ ՄԶԳ «Բարեվարքություն Հայաստան» ծրագրի աջակցությամբ Հանձնաժողովի աշխատակիցների համար կազմակերպվել է հետազոտական-վերլուծական կարողությունների զարգացման 7-օրյա դասընթաց, որն անցկացվում էր Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) մասնագետների կողմից:

Դասընթացը մեկնարկել է մասնակիցների հետազոտական հմտությունների նախնական գնահատմամբ, որի միջոցով սկզբնական պատկերացում է կազմվել վերջիններիս հետազոտական-վերլուծական կարողությունների մասին: Դասընթացների վարման տարաբնույթ ձևաչափերի (դասախոսություններ, խմբային քննարկումներ, կիրառական վարժանքներ և հարցուպատասխաններ) միջոցով մասնակիցներին ներկայացվել է հետազոտական հարցերի, վարկածների ճշգրիտ ձևակերպման, քանակական և որակական մեթոդների միջոցով հավաքագրված տվյալների առանձնահատկությունների և տարբերությունների, ինչպես նաև հետազոտական գործընթացի մի շարք կարևոր փուլերի մասին թեմաներ: Դասընթացավարները Հանձնաժողովի աշխատակիցների հետ կիսվել են գործնական ու տեսական գիտելիքներով` փորձելով վերջիններիս մոտ զարգացնել տվյալներ վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ:

Դասընթացի ավարտին ՀՌԿԿ-ի մասնագետները իրականացրել են մասնակիցների հետազոտական հմտությունների եզրափակիչ գնահատում, որի հիման վրա վերջիններիս տրամադրվել են ավարտական վկայագրեր: