ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ավարտվեցին «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների ուղեցույցի կիրառման» թեմայով վերապատրաստման պիլոտային դասընթացները

29.02.2024


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման III ծրագրի շրջանակներում «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի գործընկերների հետ համագործակցությամբ սույն թվականի փետրվարի 20-ին, 21-ին և 28-ին իրականացրեց պետական երեք գերատեսչությունների ներկայացուցիչների վերապատրաստում՝ «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների ուղեցույցի կիրառման» թեմայով:

Վերապատրաստումների ընթացքում որպես բանախոսներ հանդես եկան Եվրոպայի խորհրդի փորձագետ Արա Ղազարյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչները, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների բարեվարքության հարցերով կազմակերպիչներ, ովքեր Հանձնաժողովի կողմից նախկինում իրականացված վերապատրաստումների արդյունքում ընտրվել էին որպես վերապատրաստողներ: Եռօրյա վերապատրաստումներին մասնակցեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության շուրջ 60 աշխատակիցներ:

Մասնակիցները ծանոթացան Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների ուղեցույցին, քննարկվեցին շահերի բախմանը, նվերների ընդունման սահմանափակումներին, քաղաքական զսպվածությանը, մասնավոր կյանքում հանրային ծառայողների վարքագծին վերաբերելի կանոններ, նաև պրակտիկ օրինակներ մասնակից գերատեսչությունների պրակտիկայից և Հանձնաժողովի փորձից: