ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 01.01.2024-31.01.2024-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ

01.02.2024


1.     Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հակակոռուպցիոն կրթական ծրագրերի ներդրման և  հակակոռուպցիոն իրազեկվածության բարձրացման նպատակով ԵՄ Թվինինգ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) բաղադրիչ 1-ի 1.2 ենթաբաղադրիչի շրջանակներում հանրակրթական դպրոցներում իրականացրել է հակակոռուպցիոն կրթության դասավանդման համար մշակված նոր մեթոդների և նյութերի գործնական փորձարկումը, որոնք տեղայնացվել են նախորդ առաքելությունների ընթացքում վերապատրաստված հասարակագիտության ուսուցիչների միջոցով:

Փորձագետների կողմից մշակված նյութերը հանրակրթական դպրոցներում տեղայնացնելու և խնդիրները վեր հանելու նպատակով՝ հունվարի 23-ին Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցում և հունվարի 24-ին Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում տեղի են ունեցել հանդիպումներ, որտեղ որպես բանախոսներ հանդես են եկել Ծրագրի շրջանակներում վերապատրաստված հասարակագիտության ուսուցիչ Արփինե Հովհաննիսյանը և Ջուլիաննա Թադևոսյանը, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքները փոխանցել են տարածաշրջանի տարբեր դպրոցների թվով 42 հասարակագիտության ուսուցիչների:

2.    Հունվարի 22-23-ը Եվրոպայի խորհրդի Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և համագործակցության բաժինը Ստրասբուրգում կազմակերպել էր տարածաշրջանային աշխատաժողով՝ «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման գործիքները» թեմայով, որին մասնակցում էին Հանձնաժողովի մեթոդական աջակցության վարչության պետ Տաթև Ասրյանը և Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Տիգրանուհի Խալաֆյանը: Աշխատաժողովը նպատակ  ուներ համախմբել արևելյան գործընկերության տարածաշրջանի հինգ երկրների (Հայաստան, Մոլդովա, Ուկրաինա, Ադրբեջան և Վրաստան) հակակոռուպցիոն և քաղաքականություն մշակող մարմինների ներկայացուցիչներին՝ կոռուպցիոն ռիսկերի գնահատման ազգային փորձի, ինչպես նաև կարգավորող իրավական շրջանակի վերաբերյալ քննարկումների կազմակերպման միջոցով:

Աշխատաժողովին Տ.Ասրյանը ներկայացրել է կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիոն ռիսկերի կառավարման ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը՝ անդրադառնալով ՀՀ նոր հակակոռուպցիոն ռազմավարությամբ կոռուպցիոն ռիսկերի կառավարման համակարգի ներդրմանն ուղղված գործողություններին, այս ուղղությամբ Հանձնաժողովի իրականացրած աշխատանքներին (մեթոդաբանությունների մշակում, պիլոտային գնահատումներ, վերապատրաստումների կազմակերպում), ինչպես նաև այն մարտահրավերներին, որոնց բախվում է Հանձնաժողովն այս գործառույթի արդունավետ գործարկումն ապահովելու հարցում:

3.    Հանձնաժողովը, ԵՄ Թվինինգ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) բաղադրիչ 1-ի 1.2 ենթաբաղադրիչի փորձագետների, ինչպես նաև «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում, հունվարի 25-ին կազմակերպել էր հերթական աշխատաժողովը հասարակագիտության թվով 22 ուսուցիչների համար: Հանդիպման ընթացքում որպես բանախոսներ հանդես են եկել Ծրագրի փորձագետներ Սվեն Իվենսը և Թորստեն Փիթերսը:

4.    2024 թվականի հունվարի 22-26-ը «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ թվինինգ ծրագրի հերթական առաքելության հետ համագործակցությամբ ամփոփվել են պետական մասնակցությամբ երեք կազմակերպություններում 2023 թվականին մեկնարկած պիլոտային գնահատման արդյունքները։

Առաքելության շրջանակում ծրագրի փորձագետները, ինչպես նաև ԿԿՀ անդամ ԼԱլեքսանյանը և մասնագիտական ստորաբաժանման աշխատակիցները հանդիպումներ են ունեցել պիլոտային գնահատման գործընթացի մասնակից կազմակերպությունների հետ («Երևանի թիվ 119 մանկապարտեզ» ՀՈԱԿ, «Հայանտառ» ՊՈԱԿ և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ (ԱՆԻՖ))։

1.     Հունվարի 30-ին տեղի է ունեցել Հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման հարցերին նվիրված ֆորում, որը կազմակերպվել և անցկացվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից` «JUREMONIA. Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում։

Ֆորումին մասնակցել են մի շարք շահագրգիռ պետական կառույցներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովից ֆորումին մասնակցել են Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Աննա Մանուկյանը և նույն վարչության կրթության փորձագետ Լիլիթ Մաթևոսյանը:

Հանդիպման ընթացքում ներկաները կիսվել են իրենց մտահոգություններով և քննարկել հակակոռուպցիոն ռազմավարությամբ ներկայացված գործողությունները, որոնք վերաբերում են հակակոռուպցիոն կրթությանը և հանրային իրազեկմանը, ինչպես նաև ներկայացուցիչները անդրադարձել են հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված  գործողությունների ներկայացման, գործողությունների պլանավորման, մշակման և իրականացման հարցերում մասնագիտական ՔՀԿ-ների ներգրավման անհրաժեշտության, գործողությունների կատարման ընթացքին: