ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԵՄ թվինինգ ծրագրի շրջանակում ամփոփվել են պետական մասնակցությամբ երեք կազմակերպություններում իրականացված կոռուպցիոն ռիսկերի պիլոտային գնահատման արդյունքները

29.01.2024


2024 թվականի հունվարի 22-26-ը «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ թվինինգ ծրագրի հերթական առաքելության հետ համագործակցությամբ ամփոփվել են պետական մասնակցությամբ երեք կազմակերպություններում 2023 թվականին մեկնարկած պիլոտային գնահատման արդյունքները։

Առաքելության շրջանակում ծրագրի փորձագետները, ինչպես նաև ԿԿՀ անդամ ԼԱլեքսանյանը և մասնագիտական ստորաբաժանման աշխատակիցները հանդիպումներ են ունեցել պիլոտային գնահատման գործընթացի մասնակից կազմակերպությունների հետ («Երևանի թիվ 119 մանկապարտեզ» ՀՈԱԿ, «Հայանտառ» ՊՈԱԿ և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ (ԱՆԻՖ))։

Հանդիպումների ընթացքում փորձագետներն անդրադարձել են պիլոտային կազմակերպությունների կողմից լրացված հարցաշարերին, դրանց միջոցով վերհանված ռիսկերին և, հաշվի առնելով յուրաքանչյուր պիլոտային կազմակերպության կազմակերպաիրավական կարգավիճակի և գործունեության առանձնահատկությունները, մշակել գործողությունների ծրագրեր կազմակերպություններում կանխարգելիչ միջոցառումների միջոցով ռիսկերը նվազեցնելու համար:  

Ծրագրի արդյունքները Հանձնաժողովը կամփոփի համապարփակ զեկույցի մշակմամբ, որում անդրադարձ կկատարվի ոլորտում առկա միջազգային ստանդարտներին, ՀՀ կարգավորող օրենսդրության խնդիրներին, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի պիլոտային գնահատման գործընթացին և արդյունքներին: