ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հայտարարություն

07.06.2023


Վերջին շրջանում հայտարարագրման գործընթացի, դրանցում տեղ գտած բացթողումների և դրանց հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության որակումների առնչությամբ Հանձնաժողովն արձանագրում է, որ հայտարարագրման գործընթացը կանոնակարգելը, հայտարարագրերը ստուգելն ու վերլուծելը Հանձնաժողովի 15 գործառույթներից և 36 լիազորություններից ընդամենը մեկն է:

Հիշեցնում ենք, որ 2020 թվականից սկսած հայտարարագրմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև հայտարարատու պաշտոնատար անձանց թիվն առնվազն երեք անգամ մեծացել է, մինչդեռ մինչև սույն թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում հայտարարագրերի էլեկտրոնային համակարգը դրան համապատասխան չի արդիականացվել և Հանձնաժողովն իր գործառույթը ստիպված է եղել իրականացնել 2011 թվականին գործարկված՝ սահմանափակ հնարավորություններով էլեկտրոնային համակարգի միջոցով: 

Հայտարարագրեր ներկայացնելու ժամկետների, հայտարարագրման ենթակա տվյալների արժանահավատությունն ու ամբողջականությունը ստուգելը հնարավոր է եղել բացառապես ձեռքով կամ այն դեպքերում, երբ դա հայտնաբերվել, ներկայացվել է իրավաբանական և ֆիզիկական անձանց դիմումներով, հրապարակումներով։

Նշված օբյեկտիվ պատճառներով Հանձնաժողովը հնարավորություն չի ունեցել ապահովելու բոլոր հայտարարագրերի ստուգումը։

Հայտարարագրերի՝ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում Հանձնաժողովն առավելագույն ջանքերը գործադրել է հայտարարագրերը ներկայացնելն ապահովելու համար։ Այս մասին Հանձնաժողովը դեռևս 2020 թվականից պարբերաբար համապատասխան հանրային հաղորդումներ է տարածել։ 

Հանձնաժողովը պարբերաբար հրապարակային տարբերակով տեղեկացրել է նաև, որ հայտարարագիր չներկայացրած անձինք սկզբում ծանուցվում են, դրանից հետո տրվում է 30-օրյա ժամկետ, որից հետո միայն վարչական վարույթ է հարուցվում։ Ընդ որում, վարչական վարույթի հարուցումն ինքնին պատասխանատվություն չի ենթադրում։ Պատասխանատվության միջոցները դիտարկվում են որպես ծայրահեղ միջոց՝ հաշվի առնելով դրա համար ծախսվող ռեսուրսների և ակնկալվող արդյունքի հարաբերակցությունը։  

Հայտարարագրման համակարգի գործունեությունն օբյեկտիվ պատճառներով երբեմն արգելափակվել է, ինչպես նաև տեղի են ունեցել տվյալների գրանցման սխալներ։

Թույլ տրված խախտումների համար պատասխանատվության միջոցները ևս կիրառվել են սահմանափակ դեպքերում՝ հաշվի առնելով թույլ տրված սխալի և դրա հետևանքով հանրային շահին պատճառված վնասի հարաբերակցությունը։

 Հանձնաժողովն արձանագրում է նաև, որ կառույցի ամբողջ գործունեության վերաբերյալ առկա են բավարար հրապարակային տեղեկություններ, բացի այդ, Հանձնաժողովը մշտապես պատասխանել է և տրամադրել այնպիսի տեղեկություներ, որոնք անհրաժեշտ են անաչառ, օբյեկտիվ, հիմնավորված, համակողմանի ուսումնասիրության և փաստերի բարեխիղճ վերարտադրման տարբերակով տեղեկություններ տարածելու համար: 

Հաշվի առնելով կոռուպցիայի կանխարգելման համար տեղեկատվության մատչելիության կարևորությունը՝ Հանձնաժողովը վերահաստատում է նաև իր մոտեցումը, որ արտահայտվելու ազատությունը՝ սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը, չափազանց բարձր արժեք ունեն բազմակարծության, հանդուրժողականության և ժողովրդավարության համար։

Այնուամենայնիվ, անբարեխիղճ, անձնավորված և թիրախավորված, գովազդի ներքո կամ ավելի մեծ հետևորդներ ապահովելու նպատակով գրառումների և հրապարակումների տարածումը բացառում է արտահայտվելու ազատության նպատակի իրագործումը:  

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովը կոլեգիալ մարմին է՝ բաղկացած հինգ անդամից, որոնք որոշումների կայացման համար ունեն հավասար ձայն և լիազորություն, ինչն ապահովում է, որ Հանձնաժողովի որոշումները կայացվեն և խնդիրները լուծում ստանան ինստիտուցիոնալ մակարդակում և ոչ թե պայմանավորված մեկ անձի կամքի գերակայությամբ: Ուստի, անձի՝ Հանձնաժողովի նախագահի նկարով հրապարակումների տարածումը և դրա միջոցով պետական մարմնի նույնականացման, որոշումների կայացման համար միանձնյա պատասխանատվության վերագրելիությունը խիստ անընդունելի է Հանձնաժողովի համար։ Այդ մոտեցումն անհամատեղելի է նաև այն արժեքների հետ, որոնց հավակնում է նման հրապարակումներ իրականացնող անձը կամ կազմակերպությունը:  

Հանձնաժողովը վերահաստատում է կոռուպցիայի կանխարգելման և դրա նկատմամբ զգայուն վերաբերմունք ձևավորելու, դրան ուղղված ինստիտուցիոնալ համակարգ կառուցելու առաքելությունը ոչ թե պատժի, այլ վարքագծի և համապատասխան գիտակցության փոփոխության միջոցով ինչպես պետական կառավարման, այնպես էլ հանրային հատվածում: