ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ինչպես են վերլուծվելու պաշտոնյաների հայտարարագրերի տվյալների իսկությունը և ինչ ասել է ռիսկային չափորոշիչ. Առաջին ալիքի անդրադարձը

17.11.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2022 թվականի նոյեմբերի 11-ին հրապարակում էր տարածել՝ հայտնելով, որ սահմանվել է հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչ և կստուգվի 95 պաշտոնյայի հայտարարագիր: Ըստ այդմ՝ իրականացվելու է ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի, ԿԿՀ նախագահի ու անդամների և մի շարք այլ բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարագրերի վերլուծություն։ Թեմայի շուրջ Առաջին ալիքին մանրամասներ են հայտնել Հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանն ու Հայտարարագրման բաժնի պետ Արա Հարությունյանը։

«Իրականացվելու է նշված անձանց 2021 թվականի տարեկան հայտարարագրերի և 2022 թվականի պաշտոնի ստանձման և դադարեցման հայտարարագրերի վերլուծություն։ Վերլուծվելու են նաև նշված անձանց ընտանիքի անդամների հայտարարագրերը»,- նշել է Հայտարարագրման բաժնի պետ Արա Հարությունյանը։
Պաշտոնատար անձանց ցանկը սահմանվել է ԿԿՀ-ի և Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության իրականացրած տարբեր վերլուծությունների արդյունքում։

Պետական և ոչ պետական մարմիններին ուղարկվել են հարցումներ նշված անձանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։
«Արդեն կան պետական մարմիններ, որոնք մեզ պատասխանել են, և նշված փուլում արդեն իրականացվում է պաշտոնատար անձանց հայտարարագրերի վերլուծություն՝ մաթեմատիկական ստուգում և պետական ու ոչ պետական մարմիններից ստացված տեղեկատվության հետ համադրում»,- նշել է նա։

Առաջին անգամ պաշտոններն են համարվել ռիսկային անկախ այն հանգամանքից՝ տվյալ հայտարարագրում առկա է ռիսկային չափորոշիչ, թե ոչ։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորների շրջանում վերլուծությունն իրականացվել է նախորդ փուլում, տվյալ որոշմամբ ընդգրկված չեն դատավորների պաշտոնները, քանի որ Հանձնաժողովն արդեն անդրադարձել է նշված պաշտոններին»,- նշել է Արա Հարությունյանը։

Պետական և ոչ պետական մարմիններից ստացված տեղեկատվությունը ներմուծվում է համակարգ, որն էլ ավտոմատ կերպով ցույց է տալիս հայտարարագրերում առկա ռիսկերը։ Եթե վերլուծությունից հետո առաջանում են հարցեր, ուղարկում են տվյալ պաշտոնատար անձին պարզաբանելու, եթե դրանից հետո առկա են լինում հիմքեր, գործն ուղարկվում է դատախազություն՝ ուսումնասիրության։

Հանձնաժողովը պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների ներկայացրած հայտարարագրերի հիման վրա վերլուծությունն իրականացնում է մի քանի հիմքով։

«Պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի անդամները ներկայացնում են պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու և տարեկան հայտարարգրեր։ Այս տարի բավականին լավ ցուցանիշներ ենք արձանագրել, քանի որ նախորդիվ Հանձնաժողովն իրականացրել է բազմաթիվ իրազեկման միջոցառումներ, որի արդյունքում հայտարարատուներն առավել պատասխանատվությամբ են մոտենում հայտարարագրերի ներկայացման գործընթացին՝ ինչպես ժամկետների պահպանման, այնպես էլ հայտարարագրվող տեղեկությունների ճշգրտության առումով»,- նշել է Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը։

Ներկա պահին հայտարարագրերի  վերլուծությունն իրականացվում է կիսաավտոմատացված գործիքի միջոցով։ Առաջիկայում նախատեսվում է ներդնել համակարգ, որը հնարավորություն կտա ցուցիչներով առանձնացնել ռիսկային համարվող հայտարարագրերը:

Տեսանյութն ամբողջությամբ՝ հետևյալ հղումով։