ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշմամբ սահմանվել է հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչ. կստուգվի 95 պաշտոնյայի հայտարարագիր

04.11.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքով (այսուհետ՝ Օրենք) Հանձնաժողովն իրավասու է ռիսկային ցուցանիշների հիման վրա իրականացնելու հայտարարագրերի վերլուծություն: Հանձնաժողովի լիազորության շրջանակում է` սահմանել հայտարարագրերի վերլուծության մեթոդաբանությունը և ռիսկային չափորոշիչները:

Հիմք ընդունելով Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 25-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչ սահմանել «Հանրային ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պետական պաշտոնները և դրա հիման վրա հաստատել է պետական պաշտոնների ցանկ։

Հաստատված ցանկը տեղադրված է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջի որոշումներ բաժնում և ներառում է 34 պաշտոնի անվանում, ընդհանուր առմամբ՝ 95 պաշտոնյա:

Համաձայն Հանձնաժողովի որոշման 2-րդ կետի՝ նախատեսվում է վերլուծել ցանկում ներառված պետական պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անդամների 2021 թվականի տարեկան հայտարարագրերը, ինչպես նաև 2022 թվականի պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը:

Որոշման 3-րդ կետով սահմանվում է՝ վերլուծել 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ ցանկով սահմանված պետական պաշտոն զբաղեցնող և (կամ) զբաղեցրած և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը: