ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանրային պաշտոնյաների հետ Արմավիրում քննարկվել է բարեվարքության և շահերի բախմանն առնչվող հարցեր

27.10.2022


Հոկտեմբերի 26-ին Արմավիր, Մեծամոր և Բաղրամյան խոշորացված համայնքների և Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչների համար Արմավիր ինֆոտանը տեղի է ունեցել «Շահերի բախումը և բարեվարքության կանոնները հանրային ծառայողների համար» թեմայով դասընթաց: Այն վարել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը:

Համայնքային և քաղաքացիական ծառայողների համար իրականացվող երկրորդ դասընթացը կազմակերպվում է Հանձնաժողովի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի նախաձեռնությամբ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

Դասընթացի սկզբում քննարկվել են հանրային ծառայողների բարեվարքության հիմնական կանոնները, ապա ներկայացվել է շահերի բախում եզրույթն ու դրա դրսևորումները պետական կառավարման համակարգում:

Մասնակիցներին հատկապես հետաքրքրել է տարբեր պաշտոնների պարագայում թույլատրվող և չթույլատրվող զուգահեռ աշխատանքները, ինչպես նաև հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջները, որոնք սահմանված են օրենքով:

Մարիամ Գալստյանը ներկայացրել է նաև պրակտիկայի ընթացքում հաճախ հանդիպող շահերի բախման դեպքերը կամ դրանց կասկածով տրված հաղորդումները: Անդրադարձ է կատարվել Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններին, դրանցից յուրաքանչյուրը ներկայացվել է առանձին և մանրամասն։

Մասնակիցների շրջանում բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել եկամուտների հայտարարագրման գործընթացը, դրա բովանդակությունը, առանձին տարատեսակները:

Հանձնաժողովի անդամը հիշեցրել է, որ շահերի բախման առկայության կամ կոռուպցիոն ռիսկերի կասկածի պարագայում կարող են հարցում ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որտեղից էլ ստացած պատասխանը հիմք ընդունելով կարող են աշխատել՝ խուսափելով հետագա խնդիրներից:

Հանդիպումը հնարավորություն է տվել մասնակիցներին ծանոթանալու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի աշխատանքային ընթացակարգին և գտնելու կառույցի հետ համագործակցության հնարավորություններ։