ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված կրթական ծրագրերին ներկայացվող պահանջները քննարկվել են շահագրգիռ կառույցների հետ

25.10.2022


Եվրոպական միության «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» Թվինինգ ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ կրթական ծրագրերի մշակման և արդիականման, ինչպես նաև անհրաժեշտ ուսումնաօժանդակ նյութերի ստեղծման և դրանց տեղայնացման աշխատանքներ:

Հոկտեմբերի 25-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Թվիննինգ ծրագրի փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ միտված կոռուպցիայի կանխարգելման թեմատիկայով կրթական ծրագրերի և ուսումնաօժանդակ նյութերի ստեղծմանը:

Քննարկմանը մասնակցել են՝ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Պետական կառավարման ակադեմիայի և Ոստիկանության կրթահամալիրի, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ կրթական ծրագրեր իրականացրած՝ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող՝ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներ:

Թվինինգի փորձագետները ներկայացրել են կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ Գերմանիայում կիրառվող կրթական ծրագրերի կառուցվածքը և բովանդակությանը ներկայացվող որոշ մանրամասներ:

Քննարկման մասնակիցներին հետաքրքրվել են, թե ինչ ձևաչափով է լինելու համալսարաններում ներդրվող մոդուլը՝ պարտադի՞ր, թե՞ յուրաքանչյուր բուհ ինքն է այն տեղայնացնելու։

Հանձնաժողովի ներկայացուցիչը հայտնել է, որ այս ձևաչափով քննարկում տեղի է ունենում առաջին անգամ և նպատակ ունի համագործակցության, փոխադարձ կարծիքի հիման վրա մշակել կրթական բովանդակություն, իսկ դրա տեղայնացումը ենթադրվում է ակադեմիական ազատության շրջանակում՝ պահպանելով այս ուղղությամբ պետության ստանձնած միջազգային պարտավորություններն ու ռազմավարական ուղղությունները: