ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրանդ Վենարը հրաժեշտի հանդիպում է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում

31.08.2022


Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրանդ Վենարի պաշտոնավարումը մոտենում է ավարտին: Հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ԲՈՒՀ-ի միջև ձևավորված փոխգործակցությունը՝ Բերտրան Վենարն օգոստոսի 30-ին այցելել է Հանձնաժողով, որտեղ հրաժեշտի հանդիպում է ունեցել գործընկերների հետ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն ու Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը Բերտրանդ Վենարի հետ ամփոփել են իրականացված համատեղ ծրագրերը և հույս հայտնել, որ ձևավորված փոխգործակցությունը հետագայում կպահպանվի՝ ամուր հիմք ծառայելով նախանշված ծրագրերն առաջ մղելու համար:

Այս առիթով Բերտրանդ Վենարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ վերջին 2 տարիների ընթացքում մշակել և պաշտպանել է բարեվարքությունը՝ որպես ՀՖՀՀ-ի արժեք։

«Բարեվարքության համար պայքարը երբեք չի դադարում և կարող է հաջողությամբ պսակվել միայն շատ մոտիվացված և նոր թիմերի շնորհիվ։ Մեկնումիցս առաջ հնարավորություն ունեցա նաև զրուցելու հակակոռուպցիոն քաղաքականության մասին Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի և ԿԿՀ անդամ Արամայիս Փաշինյանի հետ։ Միշտ էլ հաճելի է խոսել բարձր մակարդակի մասնագետների հետ, ովքեր մեծ կարևորություն են տալիս կոռուպցիայի դեմ պայքարին»,- գրել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 10-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը սկիզբ է դրել երկու կառույցների արդյունավետ փոխգործակցությանը։