ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

13.05.2022


2022 թվականի մայիսի 10-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը սկիզբ է դրել երկու կառույցների արդյունավետ փոխգործակցությանը։

Կողմերը համաձայնություն են ձեռք բերել կազմակերպելու և համատեղ իրականացնելու երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող միջոցառումներ` ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը և գիտակից քաղաքացիների դաստիարակմանը։ Նախատեսվում է կազմակերպել նաև Հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումներ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ, դասախոսություններ՝ Հանձնաժողովի գործունեության ոլորտին վերաբերող հարցերի շուրջ: Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան այցելելու Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներ և ընդգրկվելու Հանձնաժողովի կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումներում:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարևորում է երիտասարդ սերնդի հետ ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը և պատրաստակամություն հայտնում համատեղ ծրագրեր իրականացնելու:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը շեշտել է, որ սերտ գործընկերային հարաբերությունները կնպաստեն հաստատությունների միջև գործնական և ակադեմիական փորձի փոխանակմանը։