ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարձր մակարդակի համաժողով՝ Հայաստանում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների վերաբերյալ

04.07.2022


Հուլիսի 4-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի է ունեցել Հայաստանում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների վերաբերյալ բարձր մակարդակի համաժողով։

Համաժողովը համատեղ կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի և ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման II ձևաչափի՝ «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:

Միջոցառմանը մասնակցել է Հայաստանի հանրային կառույցների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային դոնոր կազմակերպությունների բարձրաստիճան ավելի քան 60 ներկայացուցիչ։

Բացման խոսքով հանդես են եկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Ալբանիայի արդարադատության փոխնախարար Ադեա Պիրդենին և ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղար, ԵԽ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և համագործակցության վարչության ղեկավար Հաննա Յունկերը։

Հայկուհի Հարությունյանն իր խոսքում նշել է, որ հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններն առաջիկա երեք ամիսների ընթացքում պետք է տեղայնացվեն բոլոր գերատեսչություններում։ Այդ նպատակով Հանձնաժողովը տրամադրելու է ուղեցույցներ և համապատասխան աջակցություն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ միասին։

ԵՄ դեսպանը կարևորել է հանրային ծառայության բարեփոխումների և հանրային կառավարման ռազմավարության առաջխաղացման ուղղությամբ Հայաստանի պետական կառույցների հետ համագործակցությունը շարունակելու Եվրոպական միության պատրաստակամությունը։

Համաժողովն ամփոփել և լրացրել է հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մշակման և ընդունման գործընթացը և միևնույն ժամանակ հանդիսացել Հայաստանի բոլոր պետական հաստատություններում վարքագծի հատուկ կանոնների մշակման և ընդունման գործընթացի սկիզբը՝ հիմնվելով տիպային կանոնների վրա: Միջոցառումը տիպային կանոնների պաշտոնական հաստատմանը հաջորդող քայլ է և ընդգծում է դրա կարևորությունը՝ Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման համակարգի զարգացման գործում:

Համաժողովի ընթացքում տրվել է բոլոր հաստատությունների կողմից վարքագծի տիպային կանոնների ներդրմանն ուղղված հաջորդական քայլերի մեկնարկը, խոսվել պետական պաշտոնյաների ուղղորդման, վերապատրաստման և հանրային ծառայության բոլոր մակարդակներում բարեվարքության խթանման մասին: Այս ուղղությամբ հաջորդ քայլը կլինի պետական գերատեսչությունների կողմից վարքագծի տիպային կանոնների տեղայնացումը։

Վարքագծի տիպային կանոնների մշակումը, խթանումը և իրականացման ուղղորդումը նախատեսված է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում՝ որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պատասխանատվության մաս: Պետական պաշտոնյաների համար վարքագծի կանոնների ընդունումը Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) կողմից առաջարկվող գործողություններից մեկն է՝ որպես պետական պաշտոնյաների բարեվարքության բարձրացման միջոց:

Հայաստանում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ԵԽ ծրագրի համագործակցության արդյունքում ունեցած ձեռքբերումների մասն են, ինչպես նաև համատեղ մշակման, հանրային խորհրդակցությունների, փոփոխությունների և պաշտոնական հաստատումների երկարատև գործընթացի արդյունք, որը սկսվել է 2021 թվականին։