ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կուսակցությունների ներկայացուցիչներին հրավիրում ենք հանրային քննարկման

30.03.2022


«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի վերջին փոփոխությունների արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահվել է կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ներկայացման պահանջների պահպանման և դրանցում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգումը, պարտադիր աուդիտի իրականացման նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու լիազորությունը:

Վերոնշյալ գործառույթների արդյունավետ իրականացման համար Հանձնաժողովը մշակել է «Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» որոշման նախագիծ, որը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft հարթակում և Հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Գործընթացների թափանցիկության և հաշվետվողականության ապահովման, բոլոր շահագրգիռ խմբերի հետ հանրային քննարկումների (լսումների) իրականացման նպատակով կուսակցությունների ներկայացուցիչներին հրավիրում ենք մասնակցելու որոշման նախագծի քննարկմանը, որը, կախված մասնակիցների քանակից, տեղի կունենա Հանձնաժողովի շենքում կամ առցանց եղանակով:

Մասնակցության համար խնդրում ենք մինչև ապրիլի 3-ը գրանցվել սույն հղումով, իսկ քննարկման անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք էլեկտրոնային փոստի միջոցով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28.1 հոդվածով սահմանված կուսակցության ղեկավար մարմնի պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման պարտականության պատշաճ կատարումն ապահովելու համար հայտարարագրերի ձևանմուշները հայտարարագրերի էլեկտրոնային համակարգում ներդնելու ուղղությամբ ներկայում տարվում են աշխատանքներ և համակարգի պատրաստ լինելուն պես Հանձնաժողովի պաշտոնական կայքում (http://www.cpcarmenia.am) կտեղադրվի համապատասխան հաղորդագրություն:

Հաշվի առնելով վերը նշվածը Հանձնաժողովը նախաձեռնել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվել է երկարաձգել հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը: