ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Դոնորների հետ աշխատանքի համակարգմանը միտված աշխատաժողով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում

09.03.2022


 

Մարտի 9-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ԵՄ ֆինանսավորմամբ տեխնիկական աջակցության ծրագրի թիմի կազմակերպած աշխատաժողովը դոնորների հետ աշխատանքի համակարգման թեմայով։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են դոնորների համակարգման միջազգային փորձի վերաբերյալ առկա միտումները, քննարկվել դոնորների համակարգման հարթակի ստեղծման, թեմատիկ աշխատանքային խմբերի ձևավորման մանրամասները։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացված առաջարկում նախանշվել է դոնորների հետ գործակցության հինգ հիմնական ուղղություն՝ կենտրոնանալով օրենսդրական մշակման, դատական իշխանության, հակակոռուպցիոն, էլեկտրոնային արդարադատության և քրեական արդարադատության վրա։

Ստեղծվելիք դոնորների համակարգման հարթակն ըստ առաջարկի՝ կարող է համակարգվել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կողմից։ Աշխատանքային խմբերը կազմված կլինեն ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացում ներգրավված յուրաքանչյուր պետական կառույցի առանցքային անձնակազմից, որոնց կաջակցի քարտուղարությունը։

Աշխատաժողովի արդյունքում մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու փորձագետներին և առավել համակողմանի պատկերացում կազմելու դոնորների աջակցության արդյունավետ համակարգման տեխնիկական սկզբունքների վերաբերյալ, ծանոթանալու միջազգային լավագույն փորձին:

Աշխատաժողովին բացի Հանձնաժողովի ստորաբաժանումների ղեկավարներից, մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարության և Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներ։