ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Աշխատանքային քննարկում դրամաշնորհային ծրագրեր իրականացնող գործընկերների հետ

25.02.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննակում Հայաստանում գործող դրամաշնորհային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների մասնակցությամբ: Քննարկմանը հրավիրվել էին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կառույցների  ու մեր երկրում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման առանցքը եղել է դոնոր գործընկերների հետ կանոնավոր աշխատանքի համակարգումը և հաջորդիվ իրականացվելիք աշխատանքների պլանավորման ներկայացումը: Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրել է դոնոր կազմակերպությունների համագործակցությամբ նախորդիվ իրականացված աշխատանքները, անդրադարձել Հանձնաժողովի առաջիկա անելիքներին ու առաջնահերթ ոլորտներին: Ծավալված քննարկման ընթացքում հանդիպման մասնակիցները ներկայացրեցին իրենց առաջարկները, ինչպես նաև իրենց հարցերն ուղղեցին Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցին:

Հանդիպման ավարտին հստակեցվեց դրամաշնորհային ծրագրեր իրականացնող գործընկերների հետ համագործակցության ձևաչափերը և պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանատիպ հանդիպումներին շարունակական բնույթ հաղորդելու ուղղությամբ:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս գործակցել Հանձնաժողովի հետ և իրենց հերթին առաջնահերթության որոշակի ուղղություններ են մատնանշել, որոնք մասնավորապես, վերաբերել են կոռուպցիայի կանխարգելման թեմայով միասնական կրթական ծրագրերի իրականացմանը, կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը: