ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ-պետությունների 9-րդ համաժողովին մասնակցել է ԿԿՀ նախագահը

16.12.2021


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը տեսակապի միջոցով մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ-պետությունների 9-րդ համաժողովին:

ԿԿՀ նախագահը վերահաստատել է ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառությունը և ներկայացրել ընթացիկ տարում այս ուղղությամբ մեր երկրի արձանագրած հաջողությունները:

Հայկուհի Հարությունյանն անդրադարձել է պետական պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարագրման համակարգին՝ նշելով, որ այն աշխարհում գործող արդյունավետ համակարգերից է և ապահովում է բարձր թափանցիկություն:

Խոսելով Հանձնաժողովի դերակատարության մասին՝ Հայկուհի Հարությունյանն ասել է. «Մեզ հաջողվել է երկրում ձևավորել ինստիտուցիոնալ հիմքեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ որպես անկախ, ինքնավար մարմին կայացնելու առումով. այն բաղկացած է հինգ անդամից և հաշվետու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին»,- նա ընդգծել է, որ Հանձնաժողովի լիազորությունների շրջանակում առկա գործիքակազմով հնարավոր է կանխարգելել երկրում կոռուպցիոն երևույթները և այս առումով ներկայում տարվում են գործուն աշխատանքներ:

ԿԿՀ նախագահն անդրադարձել է նաև որոշակի խմբի հանրային պաշտոն զբաղեցնելու թեկնածների և հավակնորդների բարեվարքության ստուգման համակարգին, նաև հայտնել, որ Հանձնաժողովը մշակել է հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններ և վարքագծի կանոնագիրք՝ պետական ու համայնքային պաշտոնյաների համար: