ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Պաշտոնի անհամատեղելիության հիմքով դեպքերը բացառիկ են. կոռուպցիայի կանխարգելման որոշ արդյունքներ

10.12.2021


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին և այդ համատեքստում մինչ օրս գրանցված որոշ արդյունքների։

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մեկնարկ է տրված, արդյունքներին պետք է դեռ մի քիչ էլ սպասենք, ասել է Հայկուհի Հարությունյանը։

«Հանձնաժողովի լիազորությունների տեղայնացման տեսանկյունից կարևոր, պետության համար առաջընթաց ապահովող հստակ գործողություն է նոր ներմուծված բարեվարքության ստուգման գործընթացը, որով արդեն պետական կոնկրետ պաշտոնների նշանակման ենթակա անձինք անցնում են բարեվարքության ստուգում։ Այն ենթադրում է կոնկրետ թեկնածուի գույքի, եկամուտի, շահերի հետ կապված ուսումնասիրություն, նույն թեկնածուի նախկինում զբաղեցրած պաշտոնների, կայացրած որոշումների, նրա վարքագծի հիմքով հնարավոր բոլոր տեսակի պատասխանատվության կիրառելիության ուսումնասիրություն, դրա հիման վրա կոնկրետ անձին կոնկրետ պաշտոնում նշանակելու համար բարեվարքության ներկայացում»,-ասել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը։

Հայկուհի Հարությունյանը նաև հավելել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, ԲԴԽ–ն հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա արդեն ունեցել են դեպքեր, երբ որոշ անձանց բացասական հիմքով կոնկրետ պաշտոնի չեն նշանակել։ Հանձնաժողովն ունի լիազորություն ոչ միայն պետական մարմինների, այլ նաև բանկային գաղտնիքի միջոցով ստուգել, թե արդյոք անձի եկամուտները չեն ավելացել ոչ իրավական հիմքերով կամ եթե ավելացել են, ապա դրանք տնօրինելիս պաշտոնատար անձի ծախսերն արդյոք վկայում են, որ դրանք իրավաչափ չէին կարող լինել։

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայտարարագրման համակարգի բովանդակային տեսանկյունից նորացմանը. «ՀՀ–ում ներդրվել է հայտարարագրման ընդլայնված համակարգ, որը գոյություն ունեցող համակարգերի հետ համեմատելիս շահում է։ Այն ծածկում է մեծաքանակ տվյալներ ու ոլորտներ, որոնց ուսումնասիրության արդյունքներով հնարավորություն է ընձեռնվում կանխել կոնկրետ պաշտոնատար անձի կողմից հնարավոր այն գործողությունը, որը պարունակում է ցանկացած տեսակի կոռուպցիոն ռիսկ»,-ասել է Հայկուհի Հարությունյանը։

Սույն հղումով կարելի է լսել հարցազրույցի ձայնագրությունը: