ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հակակոռուպցիոն գործակցությունն ընդյալնելու և կոռուպցիայի կանխարգելման փորձին ծանոթանալու նպատակով ԿԿՀ պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվել է Կիևում

12.10.2021


2021 թվականի հոկտեմբերի 4-ից 7-ը Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ Արամայիս Փաշինյանը, Մարիամ Գալստյանը և Նարեկ Համբարձումյանն աշխատանքային այցով գտնվել են Ուկրաինայի Հանրապետությունում:

ԿԿՀ պատվիրակությունն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մի շարք  հանդիպումներ է ունեցել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում այդ երկրի պետական և հանրային հատվածի տարբեր կառույցների հետ: Հայաստանի պատվիրակությանն ընդունել են Ուկրաինայի կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունում: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությունն ընդլայնելու և կոռուպցիայի կանխարգելման գործում տարբեր ուղղություններով ձեռք բերված հաջողությունները միմյանց փոխանցելուն առնչվող հարցեր: Ուկրաինայի կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալության ներկայացուցիչների կողմից մանրամասն ներկայացվել են ոլորտային օրենսդրական կարգավորումները, ներդրված էլեկտրոնային գործիքները և դրանց գործնականում կիրառման հետ կապված առանձնահատկությունները: Հաշվի առնելով, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ուկրաինայում կոռուպցիայի կանխարգելման մարմինները ստեղծվել են քաղաքացիական պայքարի արդյունքում տեղի ունեցած հեղափոխություններից հետո՝ կողմերը կարևորել են այս ուղղությամբ համապատասխան կառույցների ակտիվ փոխգործակցությունը:

ԿԿՀ պատվիրակությունն այցելել է նաև Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն գրասենյակ, որը հանդիսանում է պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունները քննող միասնական մարմին: Հանդիպման ընթացքում ներկայացվել են իրավապահ և կանխարգելման մարմինների միջև համագործակցության ուղիները, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում նախատեսվում է մեր երկրում ձևավորել հակակոռուպցիոն դատարաններ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները հանդիպել են Ուկրաինայի Բարձր հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կատերինա Շիռոկային՝ ծանոթանալու դատարանի աշխատանքներին, հաջողություններին և փորձին:

Մեծապես կարևորելով քաղաքացիական հասարակության դերակատարումը կոռուպցիայի կանխարգելման գործում՝ հայաստանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Ուկրաինայի քաղհասարակության ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 4-ից 11-ը Կիևում տեղի էր ունեցել կոռուպցիայի կանխարգելմանը միտված «Ժողովրդավարությունը գործողության մեջ. զրո կոռուպցիա» խորագրով միջազգային բարձր մակարդակի համաժողովը, որին մասնակցում էին ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը և ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյանը:

Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի կանխարգելման գործին օժանդակում է Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որը Հայաստանում, Ուկրաինայում, Եվրոպայում և Եվրասիական տարածաշրջանում աջակցում է ձևավորվող հակակոռուպցիոն գործակցությանը և կոռուպցիայի դեմ պայքարում ներդրվող ջանքերին։