ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում

28.09.2021


Սեպտեմբերի 28-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով հյուրընկալվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի սույն նախաձեռնությունը նպատակ ունի նաև այս ձևով երիտասարդներին ծանոթացնելու մեր երկրում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ իրականացվող գործընթացներին:

Նախքան Հանձնաժողովի բուն գործառույթներին ծանոթանալը՝ ուսանողները շրջեցին աշխատասենյակներում, ծանոթացան կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին և աշխատանքների կազմակերպման ընթացքին:

Այնուհետև ուսանողներին ներկայացվեց կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ Հանձնաժողովի լիազորությունները և գործունեության հիմնական ուղղությունները: Ուսանողների տարաբնույթ՝ Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների, Հանձնաժողովում աշխատանքի անցնելու հնարավորությունների, հետագա համագործակցությունն ամրապնդելուն վերաբերող հարցերին պատասխանեց ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանօրինակ այցելությունները դարձնել պարբերական, իսկ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հնարավորության դեպքում կազմակերպել կոռուպցիայի կանխարգելմանը միտված միջոցառումներ՝ համագործակցելով Հանձնաժողովի հետ: