ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Վարութային գործընթացներ

20.04.2018

2017թ. հունվարի 1-ից 2018թ. մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովը հարուցել է 78 վարույթ,  որոնցից 5-ը հարուցվել է ԶԼՄ-ների հրապարակումների, 73-ը՝ Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունների հիման վրա:
Հանձնաժողովի իրավասությանն առնչվող ենթադրյալ խախտումների վերաբերյալ 3 դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում: Նշված ժամանակահատվածում Հանձնաժողովը կայացրել է խախտում արձանագրող 71 որոշում, վարույթը կարճելու մասին 7 որոշում, իսկ 19 դեպքում վարույթ հարուցելու հիմքեր առկա չեն եղել:
Միաժամանակ, 2018թ. ապրիլի 1-15-ն ընկած ժամանակահատվածում հարուցվել է 24 վարույթ, որոնք դեռևս ընթացքի մեջ են:
Հանձնաժողովը ներկայումս իրավասու է իրականացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց որոշակի խմբի մասով էթիկայի կանոնների խախտումների վարույթներ և հայտարարագրման խախտումների առնչությամբ վարչական վարույթներ: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ նորաստեղծ Հանձնաժողովն ունենալու է առավել լայն գործիքակազմ և իրականացնելու է նաև հետևյալ վարույթները՝ 1. անհամատեղելիության պահանջների խախտումների, 2. այլ սահմանափակումների խախտումների, 3. իրավիճակային շահերի բախման վերաբերյալ:
Հանձնաժողովն իրավասու է լինելու նաև վերանայման վարույթի շրջանակում վերանայելու անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովների եզրակացությունները, ինչպես նաև՝ «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ իրականացնելու ազդարարման վարույթ: