ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովի թիմը մասնակցել է Բարեվարքության ցանցի միջազգային աշխատաժողովին

09.04.2018


Հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը և Իրավաբանական և վարույթների վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Արեգնազ Չանդոյանը մասնակցել են «Հանրային բարեվարքության խթանման և մոնիտորինգի թվային գործիքներ» թեմայով միջազգային աշխատաժողովին, որը տեղի է ունեցել Փարիզում, 2018 թվականի մարտի 29-ից 30-ը: Միջոցառումն անցկացվել է Բարեվարքության ցանց միջազգային պլատֆորմի կողմից՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հովանու ներքո:
Աշխատաժողովը համախմբել է ավելի քան տասնհինգ երկրների կոռուպցիայի կանխարգելման կառույցների և միջազգային գործընկերներ կազմակերպությունների (Եվրոպայի խորհուրդ, OECD և այլն) ներկայացուցիչների և փորձագետների` հանրային ոլորտում բարեվարքության մոնիտորինգի ապահովման տվյալների հավաքագրման և հրատարակման համար թվային մեխանիզմների վերաբերյալ փորձի փոխանակման նպատակով: Միջոցառման բանախոսներն իրենց ելույթներում ներկայացրել են էլեկտրոնային հայտարարագրման համակարգերի արդիական գործիքները, որոնք ապահովում են հավաքագրված տվյալների որակն ու հայտարարագրման պարտավորությունների կատարման ցուցանիշների բարելավումը: Հայկական պատվիրակությունն իր հերթին ներկայացրել է ակտիվների հայտարարագրման հայաստանյան համակարգը, դրա առավելություններն ու զարգացումները` հայտարարագրերի վերլուծության և տվյալների արժանահավատության ստուգման գործիքների ընդլայնման վերաբերյալ:
Միաժամանակ, Բարեվարքության ցանցի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են պլատֆորմի 2018 թվականի գործողությունների ծրագիրը և վերահաստատել են իրենց հաստատակամությունը կատարելագործելու հանրային ոլորտի բարեվարքության, էթիկայի և թափանցիկության ամրապնդմանն ուղղված գործիքները: