ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտի աջակցությամբ իրականացված ծրագրի արդյունքների քննարկում

21.03.2018


  Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հետ համատեղ, Գրանդ Հոթել Երևանում մարտի 21-ին կազմակերպել է միջոցառում, որի նպատակն էր ներկայացնել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության կողմից ֆինանսավորված ծրագրի արդյունքները: Ծրագիրն աջակցություն է ցուցաբերել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ առավել արդյունավետ իրականացնելու իր գործառույթները:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան, Նորին Գերազանցություն Ջուդիթ Ֆարնուորթը, իսկ խոսնակներն էին ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը: Ծրագրի կողմից ընտրված հակակոռուպցիոն ոլորտի ջատագովները ներկայացրել են առաջիկայում իրականացվելիք հակակոռուպցիոն քայլերը:
Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել Հանձնաժողովի կարողությունների զարգացմանն ուղղված քայլերին, ինչպես նաև քննարկվել են Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի արդի զարգացումները: Մասնավորապես, ներկայացվել են Հանձնաժողովին տրամադրված փորձագիտական աջակցության և Հանձնաժողովի աշխատակազմի վերապատրաստման միջոցառումները, որոնք առնչվել են գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի զարգացմանն ու հայտարարագրերի վերլուծությանը, շահերի բախման կարգավորումների ներդրմանն ու կիրարկմանը, ինչպես նաև Հանձնաժողովի հանրային կապերի բարելավմանը:
Միջոցառմանը ներկայացվել է նաև հակակառուպցիոն ոլորտի պետական կառույցների (այդ թվում` Ազգային Ժողովի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, ՀՀ արդարադատության նախարարության) և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցը Լոնդոն, որի նպատակն էր ուսումնասիրել կոռուպցիայի դեմ պայքարի բրիտանական փորձը և այն Հայաստանում ներդնելու հնարավորությունները: Լոնդոնյան հանդիպումների շրջանակում քննարկումներ են տեղի ունեցել Միացյալ Թագավորության կառավարության և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ` գույքի հայտարարագրման, շահերի բախման կարգավորումների, ազդարարների պաշտպանության, ինչպես նաև հանրային ծառայողների հաշվետվողականության մեխանիզմների վերաբերյալ: