ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Աշխատանքային այց Միացյալ Թագավորություն

22.12.2017


  2017 թվականի դեկտեմբերի 18-ից 22-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ներկայացուցիչներն աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում էին։
   Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտի նախաձեռնած Միացյալ Թագավորության կառավարության հակակոռուպցիոն մարմինների եւ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների ընթացքում ՀՀ պատվիրակությունն ուսումնասիրեց Մեծ Բրիտանիայի լավագույն փորձը: Սեպտեմբերին Երեւան կատարած այցի ընթացքում Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտի փորձագետները գնահատել էին Հանձնաժողովի ներկա եւ հետագա գործառույթները: Համագործակցության այս փուլի նպատակն է աջակցել Հանձնաժողովի՝ նոր պարտականություններ ստանձնելու գործընթացին:
    Այցի ընթացքում պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան ուսումնասիրելու Մեծ Բրիտանիայի հակակոռուպցիոն օրենսդրական եւ կարգավորող ոլորտը, կոռուպցիայի դեմ պայքարի իրավասությունների շրջանակը, Բրիտանական խոշոր խարդախության դեմ պայքարի գործակալության (SFO) դերը եւ համագործակցությունը իրավապահ մարմինների հետ։ Աշխատանքային այցով Միացյալ Թագավորություն մեկնած ՀՀ պատվիրակության կազմում էին ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը եւ հանձնաժողովի անդամներ Լիլիթ Պետրոսյանն ու Էդգար Շաթիրյանը, ՀՀ դատախազության Կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն պետի տեղակալ Հայկ Մովսիսյանը, ՀՀ արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանը, «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության նախագծերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը։