ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ռիսկային ցուցանիշների հիման վրա հայտարարագրերի էլեկտրոնային վերլուծության համակարգի զարգացումն ընթացքի մեջ է

13.05.2015

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն աշխատանքներ է իրականացնում ռիսկային ցուցանիշների հիման վրա հայտարարագրերի վերլուծության էլեկտրոնային համակարգ ներդնելու ուղղությամբ: Հայտարարագրերի վերլուծության կարողությունները զարգացնելու համար Հանձնաժողովի պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված Շահերի բախման, եկամուտների և գույքի հայտարարագրերի կարգավորումները Հայաստանի հանրային ծառայության ոլորտում թեմայով սեմինարին:
Աշխատանքային քննարկումներ են անցկացվել նաև Համաշխարհային բանկի՝ հայտարարագրերի ոլորտի մասնագիտացում և զգալի փորձ ունեցող միջազգային փորձագետների հետ: Հանձնաժողովի թիմին ընդունել է նաև Հայաստանի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Վրաստանի, Իսրայելի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Հոլանդիայի, Ռումինիայի և Ուկրաինայի հարցերով գործադիր տնօրեն Ֆրանկ Հիմսկերկը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հանձնաժողովի ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև էթիկայի ընդհանուր համակարգի զարգացման ընթացիկ նախաձեռնություններն ու հեռանկարները: 
Միաժամանակ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իր գործունեության ընթացքում համագործակցություն է հաստատել Արգենտինայի հակակոռուպցիոն գրասենյակի և Եկամուտների դաշնային վարչակազմի հետ: Այս համագործակցության շրջանակում Հանձնաժողովն ծանոթացել է Արգենտինայի հակակոռուպցիոն մարմնի գործունեությանը, գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման ու հրապարակման համակարգերին, հայտարարագրերի տվյալների հավաստման մեխանիզմներին, ապօրինի հարստացման հետ կապված հարցերի կարգավորումներին, պաշտոնատար անձանց էթիկայի ու շահերի բախման կանոնակարգման գործընթացներին: Արգենտինայի գործընկերների հետ քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման գործիքների ու դրանց կիրառման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ոլորտի առկա մարտահրավերների դեմ հաջողությամբ պայքարելու հարցեր: