ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Վարքագծի կանոնագրքի մշակման աշխատաժողով է կազմակերպվել Բարձրաստիճան Պաշտոնատար Անձանց Էթիկայի Հանձնաժողովի և ԵՄ և ՏՀԶԿ համատեղ ՍԻԳՄԱ (SIGMA) ծրագրի ներկայացուցիչների կողմից

20.09.2014

2014 թվականի օգոստոսի 16-ից 19-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մասնակցել է Եվրոպական միության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության համատեղ ՍԻԳՄԱ (SIGMA) ծրագրի շրջանակներում իրականացված աշխատաժողովին՝ նվիրված բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարքագծի կանոնագրքի մշակմանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ալեսանդրո Զանոտան, ՍԻԳՄԱ ծրագրի իրավական դաշտի և քաղաքացիական ծառայության կառավարման հարցերով ավագ խորհրդատու Խավիեր Սիստեռնասը և ծրագրի համակարգող Աննես ՄքԳուգանը, իսկ հրավիրված փորձագետներն էին Տալինի տեխնոլոգիական համալսարանի դոկտոր Աիվե Պեվկուրը և Ֆինլանդիայի ֆինանսների նախարարության հանրային կառավարման փորձագետ Տիմո Մոյլանեն։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են հանրային հատվածում էթիկայի պահպանման և խթանման գործողությունների, էթիկայի կանոնագրքերի ստեղծման, դրանց կառավարման պատասխանատու մարմինների համակարգերի և պատասխանատվության միջոցների Եվրոպական փորձը: Միջոցառմանը ներկայացվել են Հայաստանի հանրային ոլորտի էթիկային առնչվող խնդիրներ, ինչպես նաև եվրոպական կանոնագրքերի լավագույն փորձի կիրառման հնարավորությունները դրանց լուծման գործընթացում: Աշխատաժողովի ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ կանոնագրքի մշակման հաջորդ քայլերի շուրջ: