ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Պետական պաշտոնյաների էթիկայի խթանում» թեմայով համաժողով Ծաղկաձորում

30.11.2012

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2012 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը մասնակցել է ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված՝ Ծաղկաձորում տեղի ունեցած «Պետական պաշտոնյաների էթիկայի խթանում» թեմայով համաժողովին, որտեղ բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը ու Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը: Միջոցառման հիմնական նպատակն էր ներկայացնել ԱՄՆ Հեթչի օրենքով ամերիկյան պաշտոնյաների համար սահմանված էթիկայի կանոնները և պետական կառավարումը կուսակցական քաղաքականությունից տարանջատելու ԱՄՆ փորձը: Նշված թեմաների հիմնական զեկուցողը Ռոբերտ Ջոյսն էր, որը Հյուսիսային Կառոլինայի համալսարանի կառավարման դպրոցի հանրային իրավունքի և կառավարման ոլորտում Չարլզ Էդվին Հինսդալի պրոֆեսոր է:


Համաժողովի ընթացքում քննարկվել և ներկայացվել են զեկույցներ Հայաստանի, ԱՄՆ-ի ու եվրոպական էթիկայի օրենքների, կանոնակարգերի և դրանց կիրարկման վերաբերյալ: Համաժողովի երկրորդ օրը կազմակերպվել են խմբային քննարկումներ՝ Հայաստանում հանրային ծառայողների էթիկայի օրենսդրութան և դրա գործնական կիրարկման հետ կապված խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև մշակվել և ներկայացվել են համաժողովի մասնակիցների կողմից բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկներ: