ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Բարեվարքություն» թեմայով վերապատրաստում Ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսական կազմի համար

26.06.2024


2024 թվականի հունիսի 25-ին և 26-ին Հանձնաժողովի կողմից իրականացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար «Վերապատրաստողների վերապատրաստում» (ToT) ձևաչափով երկօրյա դասընթաց՝ հանրային ծառայության բարեվարքության համակարգի վերաբերյալ:

Դասընթացի մեկնարկին բացման խոսքով հանդես են եկել Ոստիկանության կրթահամալիրի պետ, ի. գ. թ., դոցենտ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը և Հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետի պարտականությունները կատարող Տիգրանուհի Խալաֆյանը:

Վերապատրաստման մասնակիցներին ներկայացվել են բարեվարքության ինստիտուցիոնալ համակարգը, դրա տարրերը՝ անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումները, շահերի բախման կարգավորումները, վարքագծի կանոնները, ինչպես նաև նվերների ընդունման սահմանափակումները և ոլորտին վերաբերելի վերջին օրենսդրական փոփոխությունները: Դասընթացի առանձին բաժին նվիրվել է Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների և դրանց մեկնաբանությունների քննարկմանը: