ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Փորձագիտական քննարկում՝ նվերների հաշվառման և հանձնման գործընթացի վերաբերյալ

29.05.2024


Մայիսի 27-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Արմինե Դանիելյան մասնակցել է «ԲԳԿ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի և Բաց կառավարման շաբաթ գլոբալ նախաձեռնության շրջանակներում կազմակերպված՝ «Պետության և համայնքի սեփականությունը դարձող նվերների տնօրինման գործընթացը. առկա խնդիրները և նախատեսվող կարգավորումները» խորագրով փորձագիտական քննարկմանը:

Քննարկման ընթացքում Արմինե Դանիելյան իր խոսքում անդրադարձել է նվերների հանձնման, հաշվառման, գնահատման կարգերին, նվերների էլեկտրոնային ռեեստրի ներդրման համակարգին՝ նշելով, որ Հանձնաժողովը նախատեսում է ռեեստրի ներդնումն ավարտել մինչև 2024-ի դեկտեմբերը, սակայն ժամկետները միայն հանձնաժողովից կախված չեն, հայտարարվել է աշխատանքների իրականացման համար բաց մրցույթ, որի առաջին փուլն ավարտվել է մայիսի 24-ին, սակայն դիմողներ չեն եղել, ինչի արդյունքում 2 շաբաթով ժամկետը երկարաձգվել է:

Քննարկման մասնակիցները բարձրաձայնել են նվերների տնօրինման գործընթացի թափանցիկության, կանխատեսելիության, այդ գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության ապահովման, նվերների ընդունման արգելքի պահպանման նկատմամբ արդյունավետ վերահսկողության, նվերների ինստիտուտի վերաբերյալ հանրության իրազեկվածության, լայն առումով՝ հակակոռուպցիոն կրթության կարևորությունը: