ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ամփոփվել են «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական հատվածում» ԵՄ թվինինգ ծրագրի 4-րդ բաղադրիչի աշխատանքները

18.03.2024


2024 թվականի մարտի 11-ից 15-ը ԵՄ թվինիգ ծրագրի 4-րդ բաղադրիչի վերջին առաքելության շրջանակում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ փորձագետներ Պիտեր Վայսի և Սիլվիա Շպասի հետ։ Առաքելության նպատակը Հանձնաժողովի մեթոդական աջակցության վարչության՝ պետական մասնակցությամբ կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործառույթի իրականացման համար անհրաժեշտ անձնակազմի հաշվարկի մեթոդաբանության, վարչության պաշտոններին ներկայացվող որակավորման պահանջների և հմտությունների մշակումը, ինչպես նաև ծրագրի 4-րդ բաղադրիչի աշխատանքների ամփոփումն էր։

Եմ փորձագետների կողմից ներկայացված մեթոդաբանության հիմքում դրվել են մի շարք էական հանգամանքներ՝ վարչության գործառույթները «հիմնական» և «ընթացիկ» խմբերի տարանջատում, տարեկան արդյունավետ աշխատանքային օրերի և ժամերի հաշվարկ, պետական մասնակցությամբ կազմակերպությունների քանակ և կառուցվածք, որոնցում պետք է իրականացվեն կոռուպցիոն ռիսկերի գնահատումներ և այլն: Փորձագետների կողմից մշակվել է նաև վարչության պաշտոնների համար անհրաժեշտ որակավորման պահանջների և հմտությունների վերաբերյալ առաջարկ, որը հնարավորություն կտա ապահովել կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործառույթի արդյունավետ իրականացումը:

Հանդիպումների ընթացքում Հանձնաժողովի ներկայացուցիչները բարձր են գնահատել ԵՄ փորձագիտական թիմի ներդրումը պետական մասնակցությամբ կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության նախագծի մշակման, կոռուպցիոն ռիսկերի պիլոտային գնահատումների իրականացման համատեքստում՝ արձանագրելով 4-րդ բաղադրիչի շրջանակում իրականացված համագործակցության արդյունավետ և հաջողված լինելու փաստը։