ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովը ոլորտային հասարակական կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու հաշմանդամության գնահատման համակարգում կոռուպցիոն ռիսկերի պիլոտային գնահատման գործընթացին

15.03.2024


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ մեկնարկել է հաշմանդամության գնահատման համակարգում կոռուպցիոն ռիսկերի պիլոտային գնահատման գործընթաց, որի շրջանակում Հանձնաժողովի կողմից մշակված հարցաշարի և ոլորտային փաստաթղթերի վերլուծության հիման վրա գնահատվել են համակարգի հիմնական գործընթացները:

Գնահատման երկրորդ փուլում նախատեսվում է բացահայտած խնդիրների խորքային պատճառները վերհանելու և դրանց վերաբերյալ լուծումներ առաջարկելու նպատակով որակական մեթոդների (անհատական և խմբային հարցազրույցներ, ֆոկուս խմբային քննարկումներ և այլն) կիրառման միջոցով իրականացնել հետազոտություն՝ համագործակցելով ԱՄՆ ՄԶԳ «Բարեվարքություն Հայաստան» ծրագրի և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի հետ:

Հանձնաժողովը կարևորում է ոլորտային հասարակական կազմակերպությունների ներգրավումը հետազոտական գործընթացին՝ ապահովելով արդար և հավասար պայմաններ այն հասարակական կազմակերպությունների համար, որոնք հետաքրքրված են մասնակցություն ունենալ պիլոտային գնահատմանը։

Հաշմանդամության գնահատման համակարգում կոռուպցիոն ռիսկերի պիլոտային գնահատման գործընթացին կարող են մասնակցություն ունենալ հետևյալ չափանիշներին համապատասխանող հասարակական կազմակերպությունները

Ø հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցմանը, հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերելի քաղաքականության և կանոնակարգման խնդիրների վերհանմանը և լուծմանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված կանոնադրական նպատակ(ներ)ի առկայություն և այդ ուղղությամբ գործունեության իրականացում

Ø ոլորտային առնվազն երկու տարվա փորձառություն

Ø պետական մարմինների, ներառյալ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության փորձառություն

Ø հաշվետվողական և թափանցիկ գործունեություն, մասնավորապես՝ պետական միջոցներից ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի հաշվետվությունների, միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված դրամաշնորհների, ծրագրերի և դրանց ծախսերի վերաբերյալ հրապարակումների առկայություն

Ø քաղաքական կուսակցությունների հետ փոխկապակցվածության բացակայություն, քաղաքական զսպվածություն

Ø մշտապես գործող աշխատակազմ:

Կազմակերպությունները հայտերը կարող են ներկայացնել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/178yROQ3642hhxs_09qrNqwqs5ITj1gZ27TPX-V4QSk4/edit:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թվականի մարտի 30-ն է:

Կազմակերպությունների ընտրության արդյունքների ամփոփման վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում։

Հարցերի դեպքում կարող եք գրել ta.cpcarmenia@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374(12)777729 հեռախոսահամարին։