ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովը մեկնարկել է հայտարարագրման գործընթացի խորհրդատուների քառօրյա վերապատրաստման դասընթացը

20.02.2024


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի գործընկերների աջակցությամբ, մեկնարկել է «Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ» խորագրով քառօրյա վերապատրաստման դասընթացը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում նշանակված հայտարարագրման գործընթացի խորհրդատուների համար:

Վերապատրաստման մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը, ով շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ ցուցաբերած հետաքրքրվածության համար և շեշտեց հայտարարագրման գործընթացի խորհրդատուների կարևոր դերը պետական մարմինների ու Հանձնաժողովի համագործակցության շրջանակներում:

Հանձնաժողովի Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը մասնակիցներին ներկայացրեց հայտարարագրման համակարգի նպատակը, հայտարարատուների շրջանակը, հայտարարագրերի տեսակներն ու դրանց ներկայացման ժամկետները, հայտարարագրման ենթակա տվյալները, հայտարարագրերի ստուգման և վերլուծության գործընթացները, հայտարարագրերի համար կիրառվող պատասխանատվության միջոցները, ինչպես նաև հայտարարագրման էլեկտրոնային համակարգը, նրա կառուցվածքը, ֆունկցիոնալությունը, հայտարարագրերի հրապարակային ռեեստրի հնարավորությունները:

Վերապատրաստմանը ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղանակով միացած մասնակիցների կողմից հնչեցին հայտարարագրման գործընթացի վերաբերյալ հավաքագրված հարցադրումները, որոնց տրվեցին հստակ պատասխաններ:

Իրավիճակային դերախաղի միջոցով ամփոփվեց վերապատրաստման առաջին օրը:

Հանդիպման ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին Հանձնաժողովին՝ համագործակցության համար՝ շեշտելով նմանօրինակ վերապատրաստումների և աշխատանքային քննարկումների կարևորությունը: