Լրացավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման 4 տարին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) նոյեմբերի 15-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում իր գործունեության 4-ամյակն ամփոփեց հանդիսավոր միջոցառմամբ, որին մասնակցում էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, միջազգային կազմակերպություններից և գործընկեր կառույցներից ներկայացուցիչներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն՝ ընգծելով, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի կանխարգելումը ինստիտուցիոնալ մակարդակում այլևս անշրջելի իրողություն է. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր Ձեզ բոլորիդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անունից հյուրընկալել այսչափ կարևորագույն միջոցառմանը Հանձնաժողովի՝ որպես կանխարգելիչ ինստիտուցիոնալ մարմնի, հիմնադրման 4 տարին տոնելու: Այդ 4 տարիները մեզ համար մաքառումների, ձեռքբերումների և հաջողություններրի տարիներ էին:
Այն աշխատանքը և այն ներուժը, որ ներդրվել է այս 4 տարիների ընթացքում պետական մարմնի ձևավորման, բայց նաև արդեն կոնկրետ ոլորտներում՝ և՛ ներպետական, և՛ միջազգային մակարդակներում հաջողություններ գրանցելու համար, անհնարին կլիներ առանց այն համայնքի անհատների և այն բոլոր ուժերի համախոհության, համբերության, համագործակցության, որոնք այստեղ ներկա են»:
Հայկուհի Հարությունյանն իր խոսքում ընդծեց, որ հյուրերի մեծ մասն առնչություն ունի Հանձնաժողովի իրական բովանդակային ու ամենօրյա աշխատանքների հետ: Նրանք Հանձնաժողովի աշխատանքներին առնչվել են հենց 2020 թվականից: Նաև նրանց աջակցությամբ է հանձնաժողովն արատավոր երևույթի՝ կոռուպցիայի նկատմամբ զգայունություն և բացասական վերաբերմունք ձևավորել. «Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ խոսել մի մարմնի և մի ամբողջ աշխատակազմի անունից ովքեր իրենց համախոհությունը հայտնելով Հայաստանում նոր գախափարի՝ կոռուպցիայի կանխարգելմանը, այն վերածեցին գործողության: Ներկաներից շատերը և գրեթե բոլորը տարբեր դրվագներում առնչություն ունեցել են ԿԿՀ-ի իրական, բովանդակային և ամնենօրյա աշխատանքներին: Եվ ես իսկապես ուզում եմ այսօր ևս մեկ անգամ վերստին հաստատել, որ սա մենք այսուհետ նշելու ենք՝ որպես կոռուպցիայի կանխարգելման համար ՀՀ-ում հաղթանակի օր»:
Հայկուհի Հրությունյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, Ազգային Ժողովին, դատական իշխանությանը, միջազգային գործընկերներին և դեսպանություններին, որոնք մինչ օրս ինտեսիվ և համագործակցային սկզբունքով շարունակում են աշխատանքը Հանձնաժողովի հետ և կիսում են այն սկզբունքայնությունը, արժեքները, որոնք իսկապես ՀՀ-ում մշակույթ, վարքագիծ և իրավիճակ են փոփոխում, ինչպես նաև երախտիքի և շնորհակալության խոսք հղեց Հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին:
Միջոցառման ընթացքում ելույթի խոսքով հանդես է եկել նաև Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և շնորհավորել աշխատակիցներին օրվա առթիվ: Նախարարի տեղակալը նշել է, որ Կառավարությունը 2018 թվականից ի վեր որդեգրել է կոռուպցիայի դեմ անշեղ պայքարը՝ որպես իր քաղաքականության հիմնական ու գերակա ուղղություններից մեկը, ինչը շարունակաբար իր ամրագրումն է ստացել Կառավարության գործունեության ծրագրերով և վերափոխման հայեցակարգերով: Կարապետյանի համոզմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ամենահիմնարար ուղղություններից մեկը դրա կանխարգելումն է, ինչը նյութականացվել է նաև վերջին երկու հակակոռուպցիոն պետական ռազմավարությունների շրջանակներում: «Այս կարևորագույն կանխարգելման համակարգի կենտրոնում թերևս կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, և այն հանդիսանում է դրա հենասյունը: Հենց այս նկատառումով կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրել հանձնաժողովի՝ որպես համապատասխան անկախության երաշխիքներով օժտված գործերի կանխարգելման մասնագիտացված ինքնավար մարմնի ձևավորման, կայացման, ապա ինստիտուցիոնալ հետագա զարգացման կանխարգելման գործիքների զարգացման և արդիականացման գործում:
Հանձնաժողովի չորս տարիների գործունեությունը և շարունակական զարգացումն արդեն իսկ գրանցել են շոշափելի արդյունքներ։ Այն բարձր գնահատականի է արժանացել նաև մեր միջազգային գործընկերների կողմից, Հանձնաժողովի ինստիտուցիոնալ զարգացման և հետևողական ջանքերի շնորհիվ մենք գրանցել ենք նաև միջազգային վարկանիշային առաջընթաց, որոնցից ամենակարևորն էր ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ-ի) 4-րդ գնահատման շրջափուլի շրջանակներում հանձնարարականների կատարումը»:
Ելույթի ավարտին Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ այս շարունակական բարեփոխումներն էլ ավելի տեսանելի արդյունքներ կգրանցեն որդեգրված կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի և հասարակության մոտ դրա դեմ զրո հանդուրժողականության մշակույթի ձևավորման գործում։
Միջոցառման ավարտին ներկաները դիտեցին Հանձնաժողովի ձևավորման, գործունեության, կատարված աշխատանքի վերաբերյալ վավերագրական ֆիլմ:
Վավերագրական ֆիլմի հղումն՝ ստորև. https://www.youtube.com/watch?v=7yIQmDcFacg