ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Հակակոռուպցիան հանուն զարգացման (AC4D)». միջազգային ֆորում

06.07.2023


2023թ.-ի հունիսի 26-27-ը Համաշխարհային բանկի խումբը  Վաշինգտոնում  հյուրընկալել է  «Հակակոռուպցիան հանուն զարգացման» (AC4D) միջազգային ֆորումը, որն իր շուրջ համախմբել է մոտ 150 գործընկերներ, առաջնորդներ, ինչպես նաև ներկայացուցինչներ տարբեր կառավարություններից, մասնավոր ձեռնարկություններից, քաղաքացիական հասարակությունից, հիմնադրամներից և այլ միջազգային զարգացման կազմակերպություններից, որոնք աշխատում են հակակոռուպցիոն և բարեվարքության ոլորտում:

Ֆորումի պանելային քննարկմանը մասնակցել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Պանելային քննարկումն անդրադարձել է այն մարտահրավերներին, որ կայուն զարգացմանը հավատարիմ երկրների համար ներկայացնում է պետության զավթումը:

Հայկուհի Հարությունյանն իր խոսքում անդրադարձել է պետության օրինականության հիմքերը խարխլող օլիգարխիկ բրգաձև համակարգին՝ նշելով, որ, որպես հետխորհրդային երկիր, սա այն առաջին ազդակն էր, որ Հայաստանը զգաց. անհատի իշխանություն՝ ընդդեմ օրենքի գերակայության:

«(…) Այսինքն՝ մենք ունեինք ֆորմալ ինստիտուտներ, սակայն արդարադատությունը երբեք չէր հասնում քաղաքացուն, մենք ունեինք կանոններ, կանոնակարգեր, քաղաքականություն, այդ թվում՝ հակակոռուպցիոն քաղաքականություն, տարբեր տեսակի բարեփոխումներ, բայց, ցավոք, այդ  քաղաքականությունն ու կանոնները երբեք չէին փոխում իրավիճակը, և մենք հանգում էինք այն սցենարին, որ կոռուպցիայի այս տեսակը և օրենքների ստորադասումն ինքնին երկրում խնդիրների լուծման հիմնական միջոցն էին: (…)»:

Հայկուհի Հարությունյանն անդրադարձել է օլիգարխիկ համակարգի և քաղաքականության սերտաճմանը. թե ինչպես է այդ համակարգն օգնում իշխանությունների վերարտադրմանը՝ դրանով ապահովելով իր կայունությունը, բայց միևնույն ժամանակ երաշխավորելով, որ կեղտոտ փողերի, կաշառքի, ինչպես նաև վարչական իշխանության չարաշահման կամ «ճիշտ մարդկանց» միջոցով մշտապես կհաղթեն ընտրություններում:

«(…) Սա նշանակում է, որ քաղաքացիները նման միջավայրում հայտնվել էին երկընտրանքի առջև. մի կողմից նրանք ցանկանում էին հետևել ֆորմալ կանոններին, բայց քանի որ այս ֆորմալ կանոնները չեին լուծում իրենց առջև ծառացած խնդիրները, և, քանի որ, բոլորն օգտագործում էին այս կապերն ու երաշխիքները, որը գալիս էր բուրգի գագաթից, ուստի նրանք ևս դիմում էին նույն վարքագծին:»:

Հայկուհի Հարությունյանը ներկայացրել է, թե ինչպես 2018 թվականին տեղի ունեցած խաղաղ հեղափոխության արդյունքում ձևավորված Կառավարությունը որդեգրեց նոր օրակարգ, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի՝ որոշում կայացնելով քանդելու այս բրգաձև համակարգը:

Որոշման արդյունքում ստեղծվեցին կոռուպցիայի դեմ պայքարի մարմիններ, որոնցից էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը հիմնադրվեց 2019 թվականին: «Ավանդական մրցակցության ճանապարհով գնալու փոխարեն տեղի ունեցավ քաղաքական պայմանավորվածություն, որի համաձայն Ազգային Ժողովում ներկայացված յուրաքանչյուր կուսակցություն առաջադրեց մեկ թեկնածու, որոնք ընտրվեցին ընդհանուր Ազգային Ժողովի քվեարկության արդյունքում: Թեկնածուներ են առաջադրել նաև Կառավարության և Բարձրագույն դատական խորհուրդը:»:

Հայկուհի Հարությունյանն ընդգծել է, որ Հանձնաժողովը ևս շարունակել է Կառավարության մոտեցումները՝ ստեղծելով թափանցիկության բարձրացման և միևնույն ժամանակ համապատասխան հաշվետվողականության նորարարական միջոցներ:

«Այսպիսով, Համաշխարհային բանկի աջակցությամբ մենք ստեղծեցինք հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգ՝ դրա միջոցով ցույց տալով, որ, չնայած նախկինում ևս գործել է հայտարարագրման համակարգ, սակայն այն չի ապահովել բավարար հաշվետվողականություն:

Այսպիսով, մենք ունենք նոր համակարգ, որը միավորում է մի քանի գործառույթներ, ինչպիսիք են հայտարարագրումը, շահերի բախումը, անահամատեղելիությունը և այլն:

Նույն համակարգի միջոցով մենք հիմա աշխատում ենք իսկապես արդյունավետ վերահսկողություն իրականացնել քաղաքական կուսակցությունների ֆինանսական միջոցների նկատմամբ, ինչը շատ կարևոր է՝ առաջիկա ընտրությունները արդյունավետ կազմակերպելու համար: Նշված համակարգը հավաքագրում է տեղեկություններ ոչ միայն քաղաքական կուսակցությունների ֆինանսական դրության վերաբերյալ՝ որպես կազմակերպություն, այլև քաղաքական կուսակցությունների ղեկավարների վերաբերյալ, որոնք ևս լրացնում են տարեկան հայտարարագրեր:»:

Հայկուհի Հարությունյանն անդրադարձել է նաև հանրային ծառայողների բարեվարքության կանոններին և այն դեպքերին, որոնց վերաբերյալ Հանձնաժողովը արձագանքներ է ստացել ոչ միայն լրատվամիջոցներից, քաղաքացիական հասարակությունից, այլև՝ քաղաքացիներից: Նա ընդգծել է ֆորումի նախորդ օրը Ֆրանսիս Ֆուկույամայի կողմից արտաբերված մտքերի կարևորությունը, այն է՝ «կրթությունն է այն շարժիչ ուժը, որով իսկապես հնարավոր կլինի իրականացնել համապատասխան փոփոխություններ:»:

«Այսպիսով, մեր մանդատը վերաբերում է նաև հասարակության կրթմանը և հանրային իրազեկվածության ապահովմանը:

Կրթական ծրագրերի ներդնումը մենք նախատեսում ենք իրականացնել մանկապարտեզներից: Հիմա մենք աշխատում ենք հատուկ մասնագիտացված ծրագրի վրա ինչպես դպրոցակաների համար, այնպես էլ՝ ուսուցիչների, դպրոցականների ծնողների, հանրային ծառայողների: Մենք պատրաստվում ենք ստեղծել առցանց կրթական հարթակ՝ արդեն մշակված նյութերը բոլորին հասանելի դարձնելու համար:»:

Հայկուհի Հարությունյանն ընդծել է նաև Հանձնաժողովի՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կառուցվող գիտելիքահեն հարաբերությունների մասին, ինչը մեծապես կօգնի զարգացնել հասարակության՝ կոռուպցիայի նկատմամբ առկա զգայունության մակարդակը: