ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Միջազգային փորձագետների կողմից մշակված հակակոռուպցիոն կրթական նյութերի՝ բովանդակային և ինստիտուցիոնալ առումով տեղայնացման հնարավորությունները հանրակրթության ոլորտում

02.06.2023


Հունիսի 1-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղի ունեցավ «Կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածությունը և վերջինիս կանխարգելումը հանրակրթության միջոցով» խորագրով աշխատաժողովի ամփոփումը, որը ենթադրում էր նաև միջազգային փորձագետների կողմից հանրակրթության ոլորտի համար մշակված նյութերի՝ հայկական միջավայրի համար տեղայնացման հնարավորությունները: Հանդիպմանը ներկա էին Հանձնաժողովի  կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության  աշխատակիցները, ԵՄ Թվինինգ ծրագրի փորձագետները, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, «Փրոջեքթ Հարմոնի» ընկերության հայաստանյան գրասենյակի, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներ, վերապատրաստողներ:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ կարծիքների փոխանակում, աշխատաժողովի մասնակիցները կիսվեցին իրենց դիտարկումներով:

Ներկաները քննարկեցին ԵՄ փորձագետների կողմից հանրակրթության ոլորտի համար մշակված հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ նյութերը, ինչպես նաև դրանք ինստիտուցիոնալ առումով ներդնելու հնարավորությունները:

Նշենք, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է միջազգային փորձագետների կողմից 100 ուսուցիչների և վերապատրաստողների վերապատրաստում, որոնք այնուհետ իրենց գիտելիքները և կարողությունները կփոխանցեն մյուս ուսուցիչներին:

Վերապատրաստումներն իրականացվելու են երկու հիմնական ուղղություններով՝ հակակոռուպցիոն կրթության մասնագիտական վերապատրաստումներ հասարակագիտության ուսուցիչների համար և հակակոռուպցիոն կրթության ընդհանուր վերպատրաստում կրթության կազմակերպիչների և մյուս առարկաների ուսուցիչների համար: