ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

02.06.2023


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ (այսուհետ՝ Հանձնաժողով), կարևորելով հակակոռուպցիոն կրթական ծրագրերի ներդրումը և  հակակոռուպցիոն իրազեկվածության բարձրացումը՝ մայիսի 31-ին ԵՄ Թվինինգ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ծրագրի բաղադրիչ 1-ի 1.2 ենթաբաղադրիչի շրջանակներում կազմակերպել է «Կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածությունը և վերջինիս կանխարգելումը հանրակրթության միջոցով» խորագրով աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակն էր նույն բաղադրիչի նախորդ առաքելությունների արդյունքում հակակոռուպցիոն կրթության բովանդակության և դասավանդման մեթոդների վերաբերյալ ուսուցիչների և վերապատրաստողների համար մշակված նյութերի գործնական փորձարկումը, դրանց վերաբերյալ մասնակիցներից հետադարձ կապի ստացումը և դրան հաջորդող աշխատանքների միջոցով տեղայնացումը:

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ողջույնի խոսք հղեց ԵՄ Թվիննինգ ծրագրի մշտական խորհրդատու Դիանա Ստեպինան:

Հայկուհի Հարությունյանն իր խոսքում նշեց. «Խոսելով կոռուպցիան հանրակրթության ոլորտում կանխարգելելու մասին՝ հիմնականում ուսուցիչներն ընկալում էին, որ դա նրա մասին է, որ ուսուցիչները պիտի կոռուպցիայով չզբաղվեն, մինչդեռ մեր նպատակը և մեր հաղորդակցությունը դրա մասին չէր, մենք նպատակ ունեինք ձևավորել այն համագործակցությունը ուսուցիչների հետ, որի միջոցով ՀՀ քաղաքացին՝ աշակերտի կարգավիճակում, արդեն կձևավորի այդ վարքագիծը կոռուպցիայի նկատմամբ՝ զրո հանդուրժողականություն և զգայուն վերաբերմունք ունենալու համար, որտեղից էլ իրականում սկսվում է մեր բոլորիս կոլեկտիվ մոտեցումը պետության, պետական ինստիտուտների, դրանց գործունեության արդյունավետության նկատմամբ:

  Եթե պետությունը որդեգրել էր կոռուպցիայի դեմ պայքարի մոտեցումները, ցավոք սրտի, հանրակրթական ծրագրերում և նույնիսկ մեթոդական, ուսումնական հնարավորություններում դա ամբողջությամբ բացակայում էր:

 Գործընկերների մասնակցությամբ մեր ջանքերը բերեցին նրան, որ առաջին անգամ, ընդ որում, Հայաստանի Հանրապետությունում հենց ձևավորվեց այդ ուսումնամեթոդական առաջին, բայց փորձնական տարբերակը, որը այսօր ձեզ ներկայացվելու է միջազգային փորձագետների կողմից, որը նաև հուսով ենք, որ կարժանանա ձեր, իսկապես, կառուցողական քննադատությանը, որպեսզի այն բարելավվի և կատարելագործվի այնպես, որ մենք կարողանանք իսկապես դա ներկայացնել ավելի լայն մասշտաբով, ունենալ ուսուցիչների իրական համագործակցությունը և կոռուպցայի նկատմամբ զգայուն վերաբերմունքը ամրապնդել հենց դպրոցական մակարդակում»:

ԵՄ Թվիննինգ ծրագրի մշտական խորհրդատու Դիանա Ստեպինան իր խոսքում նշեց. «Ծրագրի նպատակներից է՝ աջակցել հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման ծրագրերի իրականացմանը»: Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին աշխատաժողովին մասնակցելու համար, հույս հայտնեց, որ աշխատաժողովը կլինի շարունակական հիանալի համագործակցություն հանրակրթության ոլորտի միջոցով կոռուպցիայի կանխարգելման նոր տեսակետներ ներդնելու համար:

Հանդիպման ընթացքում միջազգային փորձագետներ Սվեն Իվենսը և Թորստեն Փիթերսը ներկայացրել են  մի շարք թեմաներ՝ կոռուպցիայի ընկալման, դրա սահմանումների և տեսակների, պատճառների, «գնի», դպրոցական միջավայրում սահմանումների և մոդելների տեղայնացման, կոռուպցիային նպաստող պատճառների վերլուծության վերաբերյալ և այլն:

 Փորձագետները ներկայացրել են դասավանդման մի շարք մեթոդական մոտեցումներ, որոնք կիրառելի են նաև հանրակրթական դպրոցներում դասավանդման  համար: Մասնակիցները բեմադրել են դերային խաղեր, իրենց գործնական աշխատանքները ներկայացրել «թանգարան» և մի շարք այլ մեթոդների կիրառությամբ:

Աշխատաժողովի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդիվ հանդիպում կազմակերպել «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայաստանյան գրասենյակի, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու միջազգային փորձագետների կողմից մշակված նյութերը հայկական միջավայրի համար տեղայնացնելու, ինչպես նաև հանրակրթական ծրագրերի մեջ ներառելու հնարավորությունները:

Նշենք, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է միջազգային փորձագետների կողմից 100 ուսուցիչների և վերապատրաստողների վերապատրաստում, որոնք այնուհետ իրենց գիտելիքները և կարողությունները կփոխանցեն մյուս ուսուցիչներին:

Վերապատրաստումներն իրականացվելու են երկու հիմնական ուղղություններով՝ հակակոռուպցիոն կրթության մասնագիտական վերապատրաստումներ հասարակագիտության ուսուցիչների համար և հակակոռուպցիոն կրթության ընդհանուր վերպատրաստում կրթության կազմակերպիչների և մյուս առարկաների ուսուցիչների համար: