ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մայիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ

29.05.2023


1.     Կարևորելով հակակոռուպցիոն կրթության և հակակոռուպցիոն միջավայրի ստեղծման գործընթացում ծնողների դերը, մայիսի 22-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության  աշխատակիցների կողմից իրականացվել է իրազեկման դասընթաց՝ դպրոցի ծնողական խորհրդի անդամների մասնակցությամբ՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում:

Ծրագրի շրջանակներում ծնողների հետ իրականացվել է կոռուպցիայի կանխարգելման գործընթացի բաց քննարկում՝ կարևորելով ծնողների դերը երեխաների՝ որպես փոփոխությունների առաջնորդների դաստիրակության գործում:

Հանձնաժողովի նախաձեռնությամբ դպրոցականների համար մեկնարկած «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» հակակոռուպցիոն կրթական ծրագիրը շրջանակներում մայիսի 22-ից 26-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հյուրընկալվել են՝

·         Առինջի Կ. Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի սաները

·         Երևանի Ե. Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի սաները

Հանդիպման ընթացքում աշակերտները վերհիշեցին նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերած գիտելիքները: Բանախոսների կողմից ներկայացվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի, կոռուպցիայի ընկալման համաթվի վերաբերյալ թեմաներ: Ծավալվել են ակտիվ քննարկումներ կոռուպցիայի դրսևորումների, կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմների վերաբերյալ:

Կրթական ծրագրի շրջանակում կազմակերպվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մշակված կոռուպցիայի վերաբերյալ աշակերտների գիտելիքների զարգացմանն ուղղված խաղեր:

Իրազեկման հանդիպումներին ներգրավվել են դպրոցի ծնողական խորհրդի մոտ 10 անդամներ, 2 ուսումնական հաստատություններից՝ մոտ 40 աշակերտ: Հանդիպումների ընթացքում, որպես բանախոսներ, հանդես են եկել Հանձնաժողովի հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները:

 

2.    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կազմակերպվել էր «Հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հանրային հատվածի տեխնիկական հնարավորությունները» թեմայով աշխատանքային քննարկում լրագրողների հետ: Հայտարարագրման էլեկտրոնային համակարգը նախագծող ընկերության ներկայացուցիչը ներկայացրեց համակարգի հանրային հատվածի՝ առաջարկվող տարբերակը, որի շուրջ տեղի ունեցան քննարկումներ՝ այն պարբերաբար բարելավելու ուղղությամբ: