ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հաղորդագրություն

17.05.2023


 

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ սահմանափակ ռեսուրսները բավարար չեն բոլոր հեռախոսազանգերին և էլեկտրոնային փոստի նամակներին ժամանակին պատասխանելու համար, ուստի խնդրում է Հանձնաժողով դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Հայտարարագրերի լրացման հետ կապված հարցեր

Հայտարարագրման էլեկտրոնային համակարգի «Ուղեցույցներ» բաժնում հասանելի են հայտարարագրերի լրացման տեխնիկական և բովանդակային ուղեցույցները, ինչպես նաև «Օգնություն» բաժինը, որը հնարավորություն է տալիս կապ հաստատել Հանձնաժողովի հետ: Հայտարարագրման գործընթացի վերաբերյալ հարցադրումներն անհրաժեշտ է ներկայացնել մարմիններում նշանակված խորհրդատուներին, ովքեր կենտրոնացված եղանակով խնդիրները կփոխանցեն Հանձնաժողով՝ դրանք կարգավորելու նպատակով:

Մուտքանվան և գաղտնաբառի բացակայություն

Համակարգ մուտք գործելու համար օգտանուն և գաղտնաբառ պարունակող ծանուցում ստացել են միայն այն հայտարարատու պաշտոնատար անձինք և ընտանիքի անդամները, ովքեր Համակարգում իրենց անձնական տվյալներում նշել են գործող և այլ օգտատիրոջ մոտ չգրանցված էլեկտրոնային փոստի հասցեներ: Բոլոր այն հայտարարատուները, ում չի հաջողվում մուտք գործել հայտարարագրման էլեկտրոնային համակարգ, կարող են իրենց տվյալները լրացնել սույն հղումով ներկայացված ձևաթղթում՝ https://bit.ly/42jZaC0 :

Ընտանիքի անդամներ

Ընտանիքի անդամների վերաբերյալ բոլոր կարգավորումները գտնվում  են պաշտոնատար անձի տիրույթում: Չծանուցված ընտանիքի անդամների համար անհրաժեշտ է, որ պաշտոնատար անձն իր ընտանիքի անդամների անձնական տվյալներում նշի էլեկտրոնային փոստի հասցե, որից հետո նշված էլեկտրոնային փոստի հասցեին ինքնաշխատ եղանակով կուղարկվի ծանուցում: Ընտանիքի անդամները չեն ծանուցվում նաև այն դեպքում, երբ հաշվետու ժամանակահատվածում, ըստ Համակարգում նշված տվյալների, չի ապահովվում 183 և ավելի օր համատեղ բնակվելու հանգամանքը:

Ստանձնման և դադարեցման հայտարարագրեր

2023 թվականի պաշտոնի ստանձնման և դադարեցման հայտարարագրերը լրացնելու համար հայտարարատուներին փուլային եղանակով ուղարկվում են ծանուցումներ:

Ուղղման դիմումներ

Համակարգի փոփոխություններով պայմանավորված՝ ժամանակավորապես կասեցված է Հանձնաժողովի թույլտվության հիման վրա հայտարարագրերում ուղղում կատարելու գործընթացը: Հանձնաժողովը շարունակում է ընդունել հայտարարագրերում ուղղում կատարելու վերաբերյալ դիմումներ, սակայն թույլտվության դեպքում հայտարարատուները ուղղում կատարել կկարողանան նախկինում ներկայացված հայտարարագրերը Համակարգ տեղափոխելուց հետո, որի ժամկետների մասին Հանձնաժողովը լրացուցիչ կտեղեկացնի:

Ծանուցումներ նախկին հայտարարատուներին

Հանձնաժողովը  տեղեկացնում է, որ հայտարարագրման էլեկտրոնային համակարգում երբևէ գրանցված հայտարարատուներին փուլային եղանակով ուղարկվում են ծանուցումներ՝ հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հնարավորությունն ապահովելու և իրենց կողմից ներկայացված հայտարարագրերին հասանելիությունն ապահովելու նպատակով: Այն պաշտոնատար անձինք, ովքեր ներկայում հայտարարատու պաշտոն չեն զբաղեցնում, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն չունեն:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք հետևել Հանձնաժողովի պաշտոնական կայքի (www.cpcarmenia.am) և ֆեյսբուքյան էջի (CPC Armenia/Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) միջոցով տարածվող հաղորդագրություններին։

Հայցում ենք հայտարարատուների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար: