ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում մեկնարկել է դպրոցականների համար մշակված «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» հակակոռուպցիոն կրթական ծրագիրը

11.05.2023


          Մայիսի 11-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տրվեց «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» երիտասարդական կրթական ծրագրի մեկնարկը` Առինջի Կ. Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների հյուրընկալությամբ:

Ինչպես հուշում է խորագիրը, հանդիպման ընթացքում կարևորվել է միջավայրում հակակոռուպցիոն վարքագծի դրսևորման հարցում հատկապես երիտասարդների դերը, կարևորությունն ու առաջնորդումը:

Ծրագրի շրջանակներում աշակերտներին ներկայացվել են Հանձնաժողովի գործառույթները, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման գործընթացում նրանց դերն ու նշանակությունը:

        Հանդիպման ընթացքում աշակերտները ևս ներկայացրել են իրենց կարծիքներն ու ընկալումները «կոռուպցիա» երևույթի վերաբերյալ, խոսել դրա հետևանքների, պայքարի միջոցների ու կարևորության մասին։

Այնուհետև Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության  աշխատակիցները  ներկայացրել են օրենսդրական կարգավորումները և Հայաստանի Հանրապետությունում ստեղծված այն կառույցները, որոնք կոչված են կոռուպցիայի դեմ պայքարելու համար:

Ծրագիրն այսուհետ լինելու է պարբերական՝ հակակոռուպցիոն վարքագծի ձևավորման հարցում կարևորելով յուրաքանչյուրի, հատկապես՝ երիտասարդների մասնակցությունն ու առաջնորդումը: