ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ի պատասխան www.armlur.am լրատվական կայքում հրապարակված «ՔՊ-ն՝ հերթական սկանդալի մեջ» հոդվածի

10.05.2023


2022 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կազմակերպել է պարտադիր աուդիտի ենթակա և պետական ֆինանսավորում ստացող 5 կուսակցությունների, ինչպես նաև  պարտադիր աուդիտի ենթակա և պետական ֆինանսավորում չստացող  6 կուսակցությունների 2021 թվականի տարեկան հաշվետվությունների աուդիտ:

Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի ընթացքում աուդիտորական կազմակերպությունների, ինչպես նաև կուսակցությունների կողմից բարձրացվել են մի շարք օրենսդրական խնդիրներ, որոնք առավել ակներև են դարձել կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման փուլում և դրանով պայմանավորված՝ Հանձնաժողովը հանդես է եկել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու առաջարկով: Ներկայացված նախագիծն ընդունվել է ԱԺ֊ի կողմից և կուսակցությունների պետական նպատակային ֆինանսավորումը 2022 թվականի համար տրամադրվել է ամբողջությամբ՝ առանց օրենքով սահմանված պահանջների ապահովման: 

Կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության գործառույթի ընթացքում Հանձնաժողովը հավաքագրել և արդեն 2023 թվականի 1-ին եռամսյակում կազմակերպել է հանրային լայն քննարկումներ՝ ներկայացնելով օրենքի կիրառման արդյունքում վերհանված խնդիրները, ինչպիսի քննարկումներին  մասնակցել են շահագրգիռ բոլոր կողմերը: 

Արդեն 2023 թվականի փետրվար ամսին Հանձնաժողովը մշակել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացվել է Արդարադատության նախարարություն՝ օրենքով սահմանված կարգով շրջանառելու: