ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովը տեղեկացնում է Անհամատեղելիության պահանջների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներում փոփոխություններ են կատարվել

21.04.2023


 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումների կատարելագործման նպատակով 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունվել է ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որով իրականացվել են մի շարք փոփոխություններ անհամատեղելիության պահանջների կարգավորումներում:

Մասնավորապես՝

Փոփոխվել է «ձեռնարկատիրական գործունեության» սահմանումը. Օրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն է համարվում` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված գործունեություն իրականացնելը, անհատ ձեռնարկատեր լինելը, առևտրային կազմակերպության մասնակից, բաժնետեր, փայատեր լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության բաժնեմասը, բաժնետոմսը, փայն ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման:

Ընդլայնվել է ձեռնարկատիրական գործունեություն չհամարվող դրույթների շրջանակը և ավելացվել են նոր կետեր՝

·         Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա ֆոնդային բորսայում առևտրային թույլատրված արժեթղթեր ունենալը` նույն ընկերության կանոնադրական կապիտալում առավելագույնը մեկ տոկոս մասնակցության շրջանակներում.

·         Բանկի թողարկած կանոնադրական կապիտալի 0,0001%-ը չգերազանցող բաժնեմասնակցություն ձեռք բերելը:

Լրացվել են նաև առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցության (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) վերաբերյալ նոր դրույթներ:

Սահմանվել է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պաշտոնի նշանակվելուց (ընտրվելուց) հետո իրավունք չունեն ձեռք բերելու առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ):

Առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) ունենալու կամ պաշտոնավարման ընթացքում ժառանգություն ստանալու դեպքում վերջիններս պարտավոր են պաշտոնը ստանձնելուց կամ ժառանգությունը ընդունելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, այն օրենքով սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման:

Օրենքով սահմանված հավատարմագրային կառավարման համակարգը կատարելագործելու նպատակով կատարվել են մի շարք փոփոխություններ՝

Այսուհետ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարիչ կարող են լինել անհատ ձեռնարկատերերը և առևտրային կազմակերպությունները:

Որպես հավատարմագրային կառավարիչ չեն կարող հանդես գալ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողների հետ փոխկապակցված անձինք (պաշտոն զբաղեցնող անձի ամուսինը, պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը):    

Միաժամանակ, Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին արգելվում է որևէ ձևով ազդեցություն գործել հավատարմագրային կառավարչի վրա կամ միջամտել հավատարմագրային կառավարման գործընթացին:

Սահմանվել է նաև  փոխկապակցված անձանց շրջանակը, համաձայն որի՝ փոխկապակցված անձինք են պաշտոն զբաղեցնող անձի ամուսինը, պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը:

Հավատարմագրային կառավարման համակարգի վերաբերյալ փոփոխությունները ուժի մեջ են մտել 2023 թվականի հունվարի 1-ից:

Հանձնաժողովը հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին առաջարկում է իրենց բաժնեմասնակցությունը մինչև  2023 թվականի հունվարի 1-ը հավատարմագրային կառավարման հանձնած լինելու դեպքերում իրականացնել փոփոխություն համապատասխան պայմանագրերում՝ դրանք համապատասխանեցնելով Օրենքի առկա կարգավորումներին:

Անհրաժեշտ է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները ուշադրություն դարձնեն 2023 թվականի հունվարի 1-ից հետո գործող հավատարմագրային կառավարման պայմանագրերի ժամկետները լրանալու կամ նոր պայմանագրեր կնքելու դեպքերում Օրենքի վերոնշյալ դրույթների կատարման պահպանմանը:

 

Միաժամանակ, հաշվի առնելով Օրենքի 31-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված դրույթը՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին առաջարկվում  է դիմում ներկայացնել Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ բաժնեմասնակցությունը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ պետական գրանցում կատարելու նպատակով: