ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկումներ Ազգային ժողովում

19.04.2023


 

2023 թվականի ապրիլի 19-ին, պետական մարմինների հետ համագործակցության շրջանակներում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից և նրա նախաձեռնությամբ, Ազգային ժողովի հայտարարատու պաշտոնատար անձանց հետ կազմակերպվեց  «Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկում:

Աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվեցին հայտարարագրերի լրացման և ներկայացման կարգն ու ժամկետները, հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգը, հնչեցին հարցադրումներ, որոնց մի մասին տրվեցին սպառիչ պատասխաններ: Քննարկման ենթակա հարցադրումները և առաջարկները հավաքագրվեցին Հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից՝ քննարկելու և, ըստ անհրաժեշտության, հայտարարագրերի լրացման ուղեցույցում ներառելու նպատակով: Հավաքագրվեցին հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հետ կապված խնդիրները, մասնավորապես՝ այն անձանց վերաբերյալ, ովքեր ծանուցում չէին ստացել կամ ստացած տվյալներով չէին կարողանում մուտք գործել համակարգ: Իրական ռեժիմում ներկայացվեցին ծանուցման հետ կապված բոլոր վավերապայմանները՝ սխալ կամ ոչ վավեր էլեկտրոնային փոստի հասցե, էլեկտրոնային փոստի բոլոր բաժինների ստուգում, էլեկտրոնային փոստի ծանրաբեռնվածություն, «Պրոֆիլ» բաժնում պարտադիր լրացման ենթակա, սակայն թերի լրացված տվյալներ ևն:  Ըստ անհրաժեշտության՝ համակարգում կատարվեցին համապատասխան փոփոխությունները, որից հետո ներկաների մի մասը ստացան ծանուցումներ, իսկ մյուս մասի տվյալները հավաքագրվեցին՝ համակարգը սպասարկող ընկերությանը փոխանցելու համար:

Հանդիպման ավարտին մասնակիցները շեշտեցին աշխատանքային քննարկումների կարևորությունը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ստանալու հուզող հարցերի սպառիչ պատասխանները, ինչպես նաև ընդլայնելու համագործակցության շրջանակները:

 Հիշեցնում ենք, որ Հանձնաժողովը հայտնում է իր պատրաստակամությունը խմբային հայտեր ներկայացրած գերատեսչությունների հայտարարատուների հետ, ըստ անհրաժեշտության, առանձին աշխատանքային քննարկումներ կազմակերպելու համար: