ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԱՑՈՒՄԸ. ԻՆՉՊԵՍ Է ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ ՓՈԽՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

16.04.2023


 

Կայացել է Ժողովրդավարական ուսումնասիրությունների միջազգային առցանց ֆորումը՝ նվիրված էսսեների ժողովածուի թողարկմանը, որում ներկայացվելու են մասնակիցների հեղինակած զեկույցների նյութերը:

Առցանց ֆորումում զեկույցներով հանդես են եկել Քշիշտոֆ Իզդեբսկին (Բաց ծախսեր ԵՄ կոալիցիա; Ստեֆան Բատորի հիմնադրամ, Լեհաստան), Հայկուհի Հարությունյանը (ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) և Թեոնա Տուրաշվիլին (Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ, Վրաստան):

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հանդես է եկել «Կոռուպցիայի դեմ պայքարի տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանում» թեմայով ելույթով:

Նա, ի թիվս այլ հարցերի, մասնավորապես, ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում գործող հայտարարագրման համակարգը՝ նշելով, որ այն թույլ է տալիս վերլուծություններ իրականացնել հայտարարատու պաշտոնատար անձանց ունեցվածի վերաբերյալ՝ հայտնաբերելով եկամտի և ծախսերի միջև առկա հնարավոր շեղումները:

Հայկուհի Հարությունյանն անդրադարձել է այն ռիսկերին և մարտահրավերներին, որ գործընթացի սկզբում բախվել է համակարգը՝ ի վերջո գալով այն եզրահանգման, որ այդքան մեծ ծավալի տվյալների բազաների վերլուծությունը հնարավոր չէ ձեռքով իրականացնել, ուստի անհրաժեշտ էր ներդնել ավտոմատացված համակարգ:

Նա անդրադարձել է նաև արհեստական ինտելեկտի և ալգորիթմական որոշումների կայացման կիրառմամբ մշակվող հարթակին, որը կկառավարի և՛ տվյալների հավաքագրման գործընթացը, և՛ հանրությանը ավտոմատացված հաշվետվություններ ներկայացնելը: Այն թույլ կտա վերլուծել տվյալները և անմիջապես բացահայտել հակասությունները կամ բացթողումները:  Տեխնոլոգիաները կարող են ոչ միայն օգնել կառավարելու հսկայական քանակությամբ տվյալներ, այլ նաև օգտագործել դրանք՝ միտումները կանխատեսելու և հնարավոր սխալ գործողությունները կանխելու համար: Միայն դրանով տեխնոլոգիաները իսկապես կնպաստեն կանխարգելիչ գործառույթի իրագործմանը:

Մասնակիցների ելույթներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հղումով: