ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ամփոփվել են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի կառավարման հայեցակարգի լրամշակման աշխատանքները

07.04.2023


 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լրամշակել և ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացրել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի կառավարման հայեցակարգի նախագիծը, որը նախանշում է Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության համակարգում նոր գործիքի ներդնում՝ հանրային կառավարման ամբողջ համակարգում կոռուպցիոն ռիսկերի համապարփակ գնահատում և կառավարում՝ միջազգայնորեն ընդունելի չափանիշների, կառուցակարգերի, միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունների կողմից տրված առաջարկությունների վրա հիմնված միասնական մեթոդաբանության կիրառմամբ:

Հայեցակարգը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում առկա կոռուպցիոն ռիսկերի բացահայտման, վերլուծության և ռիսկերի կառավարման համակարգի ներդրմանն ուղղված գործողությունների համակարգման ուղեցույց և կոռուպցիոն ռիսկերի կառավարման հիմունքները ներառող պաշտոնական մոտեցումների համախումբ է:

Հայեցակարգի մշակման համար ուսումնասիրվել են ինչպես միջազգային հիմնական ստանդարտները (ՏՀԶԿ, ԱՄՆ ՄԶԳ, ՄԱԶԾ, ԻՍՕ), այնպես էլ տարբեր պետությունների փորձը (Կորեա, Նիդերլանդներ, Սլովենիա, Ուկրաինա, Լատվիա, Ալբանիա և այլն): Համադրելով տարբեր երկրներում կիրառված փորձը, ինչպես նաև միջազգային փորձագետների հետ Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունները՝ որպես ռիսկերի գնահատման կիրառելի ստանդարտ ընտրվել է Ստանդարտների միջազգային կազմակերպության մոդելը (ISO), որը հեշտությամբ ինտեգրվում է կառավարման գրեթե բոլոր համակարգերում: Գնահատման գործընթացի իրականացման առումով ՀՀ-ում առաջարկվում է կիրառել համակցված մոդելը (ներքին գնահատում, կամերալ գնահատում, արտաքին ոլորտային գնահատում), քանի որ կոռուպցիոն ռիսկերի գնահատման բոլոր գործիքները սերտորեն փոխկապակցված են և փոխլրացնող, հետևաբար այդ գործիքները տարբեր առավելություններ են ունենում, երբ համակցվում են այլ գործիքների համար կիրառվող տվյալների աղբյուրների հետ: Այս առումով առաջարկվում է երկարաժամկետ հատվածում կիրառել բոլոր այդ գործիքները՝ քաղաքականության կոնկրետ համատեքստում կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունավետ համակարգ ձևավորելու համար: