ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկում

28.03.2023


 

2023 թվականի մարտի 24-ին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, տեղի է ունեցել հերթական հանրային քննարկումը կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկման օրակարգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության բաժնի կողմից մշակված և շրջանառված՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն էր:

Հանրային քննարկման ընթացքում կուսակցություններին  ներկայացվեց առաջարվող փոփոխությունների նախագիծը, մասնավորապես՝

·         կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ներկայացման և հրապարակման նոր կարգը և ժամկետները,

·         կուսակցությունների աուդիտի ենթակա լինելու հանգամանքը ըստ ներկայացված տարեկան հաշվետվության պարզելու կարգավորումը,

·         կուսակցությունների կողմից անհրաժեշտ տեղեկությունների ներկայացման պահանջի վերացմանն առնչվող կարգավորումը,

·         կուսակցությունների տարեկան հաշվետվություններում առկա անհամապատասխանությունների, սխալ կամ ոչ ամբողջական այնպիսի տվյալներ հայտանաբերելու դեպքում, որոնք չեն պարունակում վարչական կամ քրեական իրավախախտման հատկանիշներ, կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման գործընթացը կասեցնելու և կուսակցությանը շտկումներ կատարելու, իսկ չշտկելու դեպքում՝ դիրքորոշում ներկայացնելու համար ժամկետ տրամադրելու կարգավորումը,

·         կուսակցությանը նվիրատվություններ կատարող, մուտքի վճարներ և անդամավճարներ վճարող անձանց նույնականացման ապահովման նպատակով անհրաժեշտ նույնականացնող տվյալների պահանջի կարգավորումը,

·         վարչական իրավախախտումներին առնչվող կարգավորումները:

Հնչեցին մի շարք առաջարկներ, օրինակ՝

·         նվիրատվությունների որոշակի շեմի դեպքում չհրապարակել նվիրատուի անունը և ազգանունը,

·         կուսակցությունների գլխավոր գրասենյակների և տարածքային ստորաբաժանումների դեպքում սահմանել բացառություն՝ դրանց արժեքները չհաշվառելով նվիրատվության սահմանաչափում,

·         մշակել բնեղենով նկիրատվությունների արժեքի հաշվարկման հստակ կարգ կամ մեթոդաբանություն,

·         պետական գրանցում պահանջող գրանցումները կատարելու համար առաջարկվող ժամկետները երկարացնել՝ սահմանելով մեկ շաբաթ,

·         և այլն:

Կուսակցությունների ներկայացուցիչներին առաջարկվեց հանրային քննարկման ընթացքում հնչած բոլոր առաջարկները, իսկ այլ առաջարկների դեպքում դրանք ևս ամփոփել և ներկայացնել գրավոր՝  նախագծերի փաթեթում ներառելու համար: