ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Տեղի է ունեցել առցանց քննարկում Եվրոպայի խորհրդի և ԿԸՀ-ի ներկայացուցիչների հետ

20.02.2023


2023 թվականի փետրվարի 16-ին ԵՄ-ի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի միջոցառումների երկրորդ փուլի շրջանակում տեղի է ունեցել առցանց քննարկում «Հայաստանում քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման և ստուգման, մշտադիտարկաման և վերահսկողության հետ կապված գործող իրավական և ինստիտուցիոնալ դաշտի վերլուծություն» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի Տնտեսական հանցագործությունների և համագործակցության բաժնի ներկայացուցիչները:

Քննարկման ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հ. Հարությունյանը քննարկման մասնակիցներին ներկայացրեց նախորդող ժամանակահատվածում կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության լիազորության շրջանակում իրականացված գործընթացների, այդ ընթացքում ծագած խնդիրների, ինչպես նաև առաջիկայում պլանավորվող աշխատանքների մասին՝ հատուկ ընդգծելով ժամկետային սղությունն ու արագ գործելու անհրաժեշտությունը:

Միջազգային գործընկերները, որոնց նախօրոք տրամադրվել էին վերլուծություն կատարելու համար անհրաժեշտ տեղեկություններն ու փաստաթղթերը, խոստացան առաջիկայում ներկայացնել իրենց կողմից կազմված առաջին փաստաթուղթը, որով ընդհանրական ձևով կհայտնեն իրենց կարծիքը՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Եվրոպայի խորհրդի կողմից: